ՄՈՒՂՆՈՒ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ (ՄՈՒՂՆՈՒ ՄԵԾ) ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1356 Թ., ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է ՆԱԵՎ 1537 Թ.: 2009 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ, ԱՅԺՄ ԵԿԵՂԵՑԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ:
Հիմնադրում. Բեգլար Ախոսպիրելու N6 հասեցում (Կալա թաղամաս) գտնվող Թիֆլիսի երբեմնի նշանավոր Մուղնու Սբ Գևորգ եկեղեցինխորհրդային տարիներին բռնագրավվելուց հետո, տարիների ընթացքում աստիճանաբար վնասվելով ու քայքայվելով, այժմ հայտնվել է խոնարհված եկեղեցիների շարքում՝ գրեթե ոչնչացման եզրին:
Ըստ հայ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու՝ եկեղեցին իր անունը ստացել է Աշտարակ քաղաքից քիչ հեռու գտնվող Մուղնի գյուղի համանուն եկեղեցու անունից: Ժամանակին, վրաց թագավորներից մեկի ժառանգին բուժելու նպատակով, Հովաննավանքից Թիֆլիս են տեղափոխվել Սուրբ Գևորգի մասունքներից: Ու թեև արքայորդին մահանում է, երբ դեռ մասունքները ճանապարհին էին, սակայն, երբ այն տեղ է հասնում, փոխադրվում է նորակառույց եկեղեցի և ամփոփվում այնտեղ: Նորակառույց եկեղեցին անվանվում է Թիֆլիսի Մուղնու Սբ Գևորգ եկեղեցի[1]:
Սբ Գևորգ Եկեղեցու հիմնադրման տարեթվի հետ կապված գիտական շրջանակներում շրջանառվող տեսակետներն ու վարկածները բազմաթիվ են: Հետազոտողների մի մասը, հիմնվելով հետևյալ վկայության վրա, հիշատակում է 1537 թ. (Պլ. Իոսելիանի), մյուսը՝ 1751 թ.. «Իշխան Բեհբութովների պալատին կից կա գմբեթավոր եկեղեցի հանուն Սուրբ Գեորգի՝ Մողնին կոչեցյալը, որ կանգուն է չորս սեան վրա: Բացի մեծ գմբեթից, այս եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված են երեք փոքր գմբեթներ: Այս երեք գմբեթներից մեկը զանգակների համար է, իսկ (մնացած) երկուսը՝ դատարկ են: Սա կառուցված է քաղաքացիներ (մոքալաքներ) Մանդենովի, Բաստամովի և Բաշինջաղյանի ծախքով...»[2]: Սակայն, եկեղեցու հիմնադրման վերաբերյալ կա նաև 1356 թվականին կառուցված լինելու տեսակետը: Գոյություն ունեցող աղբյուրներից հատկապես ուշադրության է արժանի 1485 թվականին ընդօրինակված մի «Շարակնոց», որտեղ գրված է.«...գրեցաւ եղանակաւոր տառս, որ կոչի Շարակնոց, ձեռամբ յոգնամեղ և անարժան գրչի Մկրտչի յիրիցի, ի թուի Հայոց ԶԼԴ գրեցաւ սուրբ երգարանս ի քաղաքիս Տըփխիս, ընդ Հովանեաւ սուրբ Կաթողիկէիս և բժիշկ ցաւոց Մաւղնոյ սուրբ Գէորգիս»[3]: Հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ տեքստում նշվում է Մուղնու Սբ Գևորգ անունը, ինչը նշանակում է, որ եկեղեցին գոյություն է ունեցել մինչ նշված թվականը: Ըստ այդմ առավել հավանական է եկեղեցու` 14-րդ դարի կառույց լինելը: Կարելի է ենթադրել, որ ավելի ուշ շրջանի հիշատակությունները, թերևս, վերաբերում են եկեղեցու հիմնանորոգումներին, իսկ վերոհիշյալ երեք տոհմերը հանդիսացել են 1751 թ. եկեղեցու վերաշինողները, այլ ոչ՝ հիմնադիրները: Համենայնդեպս, արդեն հաջորդ՝ 15-րդ դարի ձեռագրերում, եկեղեցին հիշատակվում է ինչպես իր, այնպես էլ «Կամակատար Սուրբ Աստուածածնի» և «Գէորգեա զօրավարի» անուններով:
1763 թ. Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին հիշատակվում է՝ որպես. «...Հաղբատու վանիցն վիճակք» [4]: 1784 թ. եկեղեցին Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի հայոց 7 եկեղեցիներից մեկն էր[5]:
Վերանորոգություններ. Եկեղեցին պարբերաբար ենթարկվել է վերանորոգությունների, սակայն, 1795 թվականին ավերածության է ենթարկվել Աղա-Մահմեդ խանի արշավանքների ընթացքում: Մասնավորապես, այն հիմնանորոգվել էր 1751 թվականին, իսկ 1789 թվականին կառուցվել զանգակատունը: 1751 թվականի վերանորոգման մասին տեղեկություններ է հաղորդել, այսպես կոչված, արձանագիր քարը[6], որը, սակայն, չի պահպանվել: Եկեղեցու զանգակատան կառուցման մասին հայտնի է դարձել 1900 թվականի նորոգման ժամանակ. «Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գէորգ եկեղեցու զանգակատան կաթուղիկէն քանդելիս մէջը գտնուած է մի քար հետեւյալ արձանագրութեամբ վրացերէն լեզուով. «Զանգակատունս այս շինեցի ես Տէր Շմաւոնեանց Զուրաբի աղախին և մղդսի Զուրաբի կին, մեղաւոր մղդսի Էսթեր. 1789թ.[7]»:
19-րդ դարի 50-ական թվականներին եկեղեցին դարձյալ անմխիթար վիճակում էր և մոտ 4500 ռուբլի (արծաթ դրամ) էր հարկավոր այն վերականգնելու համար[8]: 1858 թվականին եկեղեցու ծխականները և երեցփոխ Գևորգ Մանդինյանցը եկեղեցին վերանորոգելու խնդրանքով դիմում են եկեղեցիների բարեկարգչին, վերջինս էլ կոնսիստորիային, որն էլ տալիս է համապատասխան թույլտվությունը[9]: Ավելի ուշ` 1860 թվականին, ծրագրվում էր իրականացնել նաև եկեղեցու պարսպի շինարարությունը, որը ենթադրում էր շուրջ 10000 ռուբլու ծախս արծաթով[10]: Մինչ այդ` 1859 թվականին, եկեղեցու ծխականները եկեղեցու պարսպի կառուցման խնդրանքով արդեն կազմել էին հատուկ համախոսական թերթ: Հարցի առնչությամբ կաթողիկոսին էր դիմել նաև թեմակալ առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը[11]: Շուտով ստացվում է նաև Սինոդի թույլտվությունը[12]: 1861 թվականին հետևում է նաև եկեղեցու շրջակայքը մեծացնելու մասին Կովկասի փոխարքայի թույլտվությունը[13]: Հերթական վերանորոգման աշխատանքներ ձեռնակվեցին նաև 19-րդ դարի 90-ական թվականներին:
Ճարտարապետություն. Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկաների տիպին: Եկեղեցու գմբեթը բարձրանում է շենքի ընդհանուր ծավալի մեջտեղում, չորս խոշոր, գլանաձև մույթերի վրա: Կիսաշրջանաձև Ավագ խորանի երկու կողմում տեղադրված են փոքրիկ աբսիդներով ավանդատներ, որոնք ոչ թե ներառված են պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ, այլ դուրս են գալիս բյուզանդական ճարտարապետությանը բնորոշ կիսաշրջան ծավալներով[14]: Եկեղեցու պատկերավոր նկարագրությունը տվել է նաև Էգն. Իոսելիանին[15]:
Քահանաներ և երեսփոխաններ. Սբ Գևորգ եկեղեցում հովված քահանաներից են եղել Ղազար ավագ քահանան, Ավետիք քհն. Տեր-Ավետիսյանցը, Հակոբ քհն. Դովլաթյանցը, Սարգիս քհն. Տեր-Հարությունի Մալխասյանցը[16]: Եկեղեցու երեսփոխաններից են եղել Վասիլ Խոջայանցը[17], իշխան Արսեն Բեհբությանցը[18], վերոնշյալ Գևորգ Մանդինյանցը և այլք:
Դպրոց. Մուղնու Սբ Գևորգ եկեղեցուն կից գործել են թե′ արական, թե′ իգական ուսումնարաններ: Արական դպրոցը բացվել է 19-րդ դարի 40-50-ական թվականներին: Ընդհատումներով գործել է մինչև 1914 թվականը[19]: 1869 թվականի հունիսի 17-ին` Սուրբ Գայանյաց կուսանաց տոնի օրը, բացվել է հայտնի Գայանյան օրիորդաց ուսումնարանը[20]: Դպրոցի առաջին տեսուչն է եղել Զաքարիա Գրիգորյանը, ուսուցչուհին` Մարիամ Շահպարոնյանը[21]: Դասավանդող ուսուցիչներից են եղել Սահակ քհն. Սահակյանը, Իսահակ Հարությունյանը, Մարիամ Ասլամազյանը, Եղիսաբեթ Պատկանյանը: Դպրոցում դասավանդվել է կրոն, հայոց լեզու, բնական գիտություններ, երգ, ռուսաց լեզու, թվաբանություն, վայելչագրություն, գծագրություն, ձեռագործություն[22]: 1896 թվականին դպրոցը փակվել է, իսկ ունեցած դրամագլուխը հանձնվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի տնօրինությանը: 1906 թվականին շուրջ 25,625 ռուբլի դրամագլուխը[23] Մկրտիչ կաթողիկոսի՝ նույն թվականի ապրիլի 29-ի թիվ 512 կոնդակով համարվել է անձեռնմխելի և պահպանության դրվել Թիֆլիսի արքունի դրամատանը[24]: Նույն`1906 թվականին, դպրոցի հոգաբարձությունը խնդրագրով դիմել է թեմակալ առաջնորդին, դպրոցի վերաբացման խնդրանքով[25]: 1906-1907 թվականներին արդեն կազմվում և թեմակալ առաջնորդի հաստատմանն է ուղարկվում վերաբացված դպրոցի ուսուցչական հաստիքացուցակը: Տեսուչի պաշտոնում առաջադրվում է Լևոն Սեղբոսյանի թեկնածությունը (Շանթ)[26]:
Եկեղեցուն կից 1880 թվականին Սոֆիա Բաբայանի նախաձեռնությամբ բացվել է նաև նախակրթարան, որը գործել է մինչև 1885 թվականը[27]:
Կալվածքներ. Ինչպես թեմի մյուս եկեղեցիները, Սբ Գևորգը ևս ունեցել է իր շարժական և անշարժ կալվածքները, որոնք գրանցված են եղել թեմի եկեղեցիների կալվածքների տեղեկագրերում: Համաձայն 1837 թվականի թեմի եկեղեցիների կալվածքների տեղեկագրի` եկեղեցական զանազան իրերից զատ, եկեղեցին երկու կրպակ է ունեցել Թիֆլիսի Բազարխանա կոչված թաղամասում (Մեյդանի կողմից), վարձակալման տրված երեք տուն եկեղեցու արևելյան կողմում: Եկեղեցին ունեցել է նաև ճորտեր[28]: 20-րդ դարի առաջին տասնամյակում Սբ Գևորգ եկեղեցուն շարունակել են պատկանել մեկ եռահարկ և մեկ երկհարկանի տներ եկեղեցու շրջակայքում և երկու կրպակ քաղաքի, այսպես կոչված, 5-րդ մասում: Նշված ժամանակահատվածում եկեղեցու մայր գումարը կազմել է մոտ 2827 ռ. 75 կ. արծաթով, եկամուտը` 2814 ռ. 12 կ. արծաթով[29]: Եկեղեցին ունեցել է նաև տոկոսաբեր թղթեր (N 67043) և արքունական դրամատոս (N 3081)[30]: Հավելենք, որ Ազգային արխիվում պահպանվող վավերագրերի ցանկում է նաև Մուղնու Սբ Գևորգ եկեղեցու 1826-1830 թվականների մուտքի-ելքի մատյանը[31]:
Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին խորհրդային շրջանում. 1923-1930 թվականներինՄուղնու Սբ Գևորգ եկեղեցին շարունակում էր մնալ թեմական իշխանությունների իրավասության ներքո[32], սակայն 1930-ական թվականներից հետո վերածվում է ազգագրական թանգարանի, ապա՝ պահեստի[33]: Տարիների ընթացքում շինությունը, չնայած որպես պահեստ օգտագործվելուն, մատնվում է անուշադրության, ինչի հետևանքով աստիճանաբար վնասվում ու քայքայվում է: 1980-ական թվականներին եկեղեցու պատերին աստիճանաբար հայտնվում են կառույցի համար խիստ վտանգավոր ճաքեր, իսկ 1990-ական թվականներին այն արդեն ճանաչվում է՝ որպես վթարային և վերջնականապես փակվում:
2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվում է 1356 թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին: Փլուզվում է եկեղեցու գմբեթը, խորանը, հյուսիսային և հարավային կամարները, պահպանվում են միայն արևմտյան մասն ու զանգակատունը: Սակայն այս տարիների ընթացքում, այն ևս հայտնվում է փլուզման եզրին: Այն մասին, որ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում, հայկական կողմը բազմիցս ահազանգել է Վրաստանի իշխանություններին:
Եկեղեցու վիճակը այսօր էլ շարունակում է մնալ օրհասական: Խնդրո առարկայով Վիրահայոց թեմը բազմիցս (2015թ.) դիմել է համապատասխան ատյաններին, ընդհուպ մինչև Վրաստանի վարչապետին (2009թ., 2012թ.) և խորհրդարանի նախագահին (2009թ.): Վիրահայոց թեմի մտահոգությունն է, որ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի հաշվեկշռի վրա է գտնվում եկեղեցին, այն մատնել է անտարբերության, իսկ Վրաց Պատրիարքարանը և իշխանությունները, չլուծելով հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը, անուղղակի կերպով նպաստում են հայ մշակույթի կոթողների ոչնչացմանը Վրաստանի տարածքում:
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ ապրող բնակիչներն առաջարկել են ապամոնտաժել եկեղեցու տարածքը: Այսինքն` քանդել և դուրս բերել եկեղեցու մնացուկները, քանի որ հետագա փլուզման վտանգ կա: Նրանք մի քանի անգամ դիմել են Վրաստանի Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության, վերականգնման և մոնիտորինգի գործակալությանը, որն այս օրերին ուսումնասիրում է փլուզումը և տարածքից հեռացնում փլուզված բեկորները:
[1] Այդմասին տե′սЗакарий Канакерци, Хроника, Москва, 1969; տե′ս նաև J.Chardin, Voyages du chevalier Chardin en Perse et autres lieux de l'Orient, par. L. Langles`, t. 2, Paris 1811:
[3] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Սբ Էջմիածին, 2009, էջ 52:
[4] Ս. Երեւանցի, Ջամբռ,Վաղարշապատ, 1873, էջ 49:
[5]ՂուկասԿարնեցի, ԴիվանՀայոցՊատմության,Նորշարք, հ. Ա.,Երևան, 1984, էջ 479:
[6]Արձանագրության առաջին վերծանության փորձը կատարել է Գյուլդենշտեդտը: Գերմաներեն բնագիրն ու վրացերեն թարգմանությունը տե′ս «გიულდენშტედტის მოგზაურობა საქართველოში», ტ. II, თბ. 1964, გვ. 300: Արձանագրությունը հրապարակել է նաև Պ. Մուրադյանը(Армянская эпиграфика Грузии, Ереван, 1988, с. 45):
[7]«Բիւզանդիոն»,2 նոյեմբերի 1900, N 1241, էջ 3:
[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 18, գ. 5, թ. 28 և շրջ.:
[9] ՀԱԱ, ֆ. 56, ց. 5, թղթ. 43, վավ. 149, թ. 219 և շրջ.:
[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3323, թ. 1:
[11] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3968, թ. 2-5:
[12] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3968, թ. 6 շրջ.-ով:
[13] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3323, թ. 11:
[14]Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը. Էջմիածին 2009/6/, էջ 71:
[15]Այդ մասին տե′ս Պ. Մուրադյան, նույն տեղում, էջ 231: Լ. Մ. Մելիքսեթ-Բեկ, նույն տեղում:
[16] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 48, մաս 4, թթ. 669-677, (Եկեղեցու 1841 թվականի ծխականների ցանկը տե′ս Ա. Ասատրյան, Մողնու Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիները, Ս. Էջմիածին 2016, էջ 164-184:
[17] ՀԱԱ, ֆ. 56, ց. 5, թղթ. 94, վավ. 305:
[18] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1221, թ. 38:
[19]Տե′ս Ա. Ասատրյան, Մողնու Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիները, Ս. Էջմիածին 2016, էջ 127:
[20]«Մեղու Հայաստանի», 21 հունիսի 1869, N 23, տե′ս նաև Թ. Վարդանյան, Թիֆլիսի և Մերձակա բնակավայրերի հայությունը V-XXI դդ., էջ 22:
[21] Ա. Ասատրյան, նույն տեղում, էջ 130:
[22] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 314, թ. 6:
[23] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 4038, թ. 1-2 շրջ.-ով, 12-13 շրջ.-ով:
[24] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 198, թ. 10:
[25] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 198, թ. 1:
[26] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 198, թ. 7:
[27] Ա. Ասատրյան, նույն տեղում, էջ 147:
[28] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ.17-26:
[29] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795/մաս 3/, թ. 287 շ.-288:
[30] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1221, թ. 12:
[31] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 18, թ. 1-5 շրջ.-ով:
[32] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Երևան, 1997, էջ 526:
[33] Ա. Ասատրյան, նշվ. աշխ., էջ 123: