Материалы

ՇԱՄԽՈՐԵՑՈՆՑ ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ՇԱՄՔՈՐԵՑՈՑ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XXIՐԴ ԴԱՐ

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1735 Թ.: 1989 ԹԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է: ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԿԱՆԳՈՒՆ Է ՄԻԱՅՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՏԸ:

Հիմնադրում և վերանորոգություններ. Շամքորեցոց (Շամխորեցոնց) Սբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Թբիլիսիինախկին Պրեոբրաժենսկայա, այժմ Ֆիգների անունը կրող փողոցին կից (Փերիսցվալեբա փ. №21, Հավլաբար), պայմանավորված Ավագ խորանում պահվող կարմրակազմ ծիսական Ավետարանով, հայտնի է եղել նաև Կարմիր Ավետարան անվամբ:

Անգմբեթ եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ մասնագիտական գրակա­նությունը հաղորդում է երկու հավանական տվյալ` 1775 և 1809 թվականները: Առաջինը առաջ է քաշել վրաց հետազոտող Էգն. Իոսելիանին. «Հավլաբարի միջում, ժողովրդական շենքերի կենտրոնում, կա եկեղեցի Շամքորեցոց կոչեցյալը, հանուն Աստվածածնի, առանց գմբեթի և փայտով ծածկված, որ կառուցվել է ժողովրդի ծախքով 1775 թվին[1]»: Հայ հետազոտող Պ. Մուրադյանը առավել հավանական տարեթիվ է համարում 1809 թվականը: Նրա այս տեսակետի համար հիմք է ծառայել 1827 թվականին Ներսես արքեպիսկոպոսի կազմած եկեղեցիների ցանկը, որտեղ նշվում է. «Սուրբ Աստուածածին Շամքորեցւոց, շինեալ ի հասարակութենէ 1809[2]»:

Պ. Մուրադյանը մեկնաբանում է, որ Էգն. Իոսելիանին չի մատնանշում եկեղեցու` 1775 թվականին կառուցված լինելու վերաբերյալ հստակ սկզբնաղբյուրը և առավել հավաստի է համարում Ներսես Աշտարակեցու հաղորդածը, քանի որ եկեղեցիների վերաբերյալ տվյալները հիմնականում ստացվում էին տեղի հոգևոր ծառայողներից:

Եկեղեցու` 1809 թվականին կառուցված լինելու մասին տեղեկություններ է հաղորդում նաև Գյուտ քհն. Աղանյանցը իր «Թիֆլիսի հայկական եկեղեցիների շինարարության վերաբերյալ պատմական տեղեկանքներում»[3]:

Ի հակադրություն անգմբեթ եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ գոյություն ունեցող տարակարծություններին` հետազոտողները համակարծիք են նրանում, որ եկեղեցին հայկական է և կառուցվել է 1723 թվականին Իբրաիմ փաշայի կողմից Գանձակից Թբիլիսի տեղափոխված շամխորցիների կողմից[4]:

Գմբեթավոր եկեղեցու կառուցման ժամանակաշրջան է համարվում 19-րդ դարի 40-50-ական թվականները: Այդ մասին վկայում են ինչպես արխիվային վավերագրերը, այնպես էլ եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունները[5]:

Եկեղեցու հիմնովին վերանորոգման վերաբերյալ մեզ հայտնի գրագրությունները սկսվել են 1841-1842 թվականներից: Մասնավորապես, 1842 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիան եկեղեցու վերանորոգման և պարսպի կառուցման (ծախսը կազմում էր մոտ 1600 ռուբլի արծաթով) գործընթացի վերաբերյալ դիմում է Էջմիածնի Սինոդին[6]: Եկեղեցու կառուցման թույլտվությունը հաստատվում է նաև Կովկասի կառավարչապետի կողմից: Մասնավորապես, Էջմիածնի Սինոդին ուղղված 1843 թ. մայիսի 17-ի թիվ 4584 գրությունում ասվում էր. ''По представлению Эчмиадзинскаго Синода, оть 11 Сентября прошлаго года за N1857, о дозволении Тифлисскимь жителямь Шамхорскимь армянамь, возобновить на свой счеть пришедшую в ветхость церквоь во имя Богородицы, находящуюся вь предместии города Тифлиса Авлабарь, я входиль вь сношения сь. Г. Министром ՇԱՄՔՈՐԵՑՈՑ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XXՐԴ ԴԱՐВнутренныхь Дель, который вь отношении оть 25 Апреля сего года за N1228 изьявляеть свое согласие на означенную постройку коль скоро плань и фасад оной будуть разсмотрены и одобрены...[7]'':

Հարկ է նշել, որ սկսված շինարարությունը բավական երկար է տևել: Ուշադրության է արժանի այն փաստը, որ եկեղեցու որմերին մեծաթիվ են եղել հատկապես 1858 թվականի նվիրատվական արձանագրությունները, որոնք փաստում են մինչ այդ թվականը շինարարական աշխատանքների շարունակության մասին:

Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մեծ նպաստ է ունեցել Տեր-Ղազարյանցների տոհմը: Հետագայում վերջիններիս իրավունք տրվեց նաև Շամքորեցոց եկեղեցու բակում կառուցել տոհմային գերեզմանոց: Այդ են վկայում Ազգային արխիվում պահպանվող արխիվային վավերագրերը, որոնց թվում է նաև 1902 թ. Ա. Թաշճյանի նախագծած եկեղեցու հյուսիսային բակի հատակագիծը, որտեղ և պետք է կանգնեցվեր հանգուցյալ Գրիգոր Տեր-Ղազարյանցի մահարձանը[8]:

1881 թ. դարձյալ իրականացվում են եկեղեցու մասնակի նորոգման և լրացման աշխատանքներ: Ինչպես գրում էր եկեղեցու երեսփոխը. «...զի եկեղեցին մեր արտաքին կողմանէ ունի զգալի կարոտութիւն կարկատելոյ...»[9]: Կոնսիստորիան թույլ է տալիս եկեղեցու գումարներից մոտ 300 ռուբլին ծախսել անհրաժեշտ նորոգությունների համար[10]: 1888 թվականին հիմքից կառուցվում է եկեղեցու հարավային կողմի պարիսպը[11]:

1912 թ. ճարտարապետ Ն. Խարազյանը նախագծել է եկեղեցու գլխավոր մուտքի առջև կառուցվելիք զանգակատնով ավարտվող նախասրահը[12]:

Շամքորեցոց Ս. Աստվածածին եկեղեցու բակում ԺԸ դարի վերջերից սկսած ամփոփվել են նաև ծագումով Շամքորից սերող Թահիրյան, Միրզախանյան, Հարությունյան տոհմերի հանգուցյալները:

Ճարտարապետություն. Շամքորեցոց Սբ Աստվածածին եկեղեցին աղյուսաշեն կառույց է: Ունեցել է խոշոր աղոթասրահ (14 x 19 մ), որն արևելքում ավարտվել է կիսաշրջանաձև խորանով` երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով ավանդատներով: Բարձր գմբեթը 16 նիստանի թմբուկով բարձրացել է խոշոր, գլանաձև մույթերի վրա: Բացի ուղղանկյուն, կամարակապ վերջավորությամբ մեծ լուսամուտներից բոլոր ճակատների վերին մասերում եղել են կլոր պատուհաններ[13]:

Քահանաներ. Շամքորեցոց Սբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Կարապետ ավագ քհն. Տեր-Գրիգորյանցը[14], Մարգար Տեր-Մարգարյանցը[15], քահանայագործել են 1860-1870-ական թվականներին: Հավելենք, որ Շամքորեցոց եկեղեցու 1861-1876 թվականների ամուսնացածների չափաբերական մատյանները ևս պահպանվում են Ազգային արխիվում[16]: 19-րդ դարի 80-ական թվականներին եկեղեցին ուներ 2 սրբազնագործ հոգևորական, իսկ ծխականների թիվը հասնում էր 1327-ի[17]:

19-րդ 90-ական թվականներին եկեղեցում քահանայագործել են Համազասպ քհն. Կարապետյան Տեր-Հովհաննիսյանցը (ծխերի թիվը` 145) և Շմավոն քհն. Տեր-Բարսեղյանցը (ծխերի թիվը`123)[18]:

Եկեղեցածխական դպրոց. 1883 թ. եկեղեցու բակում կառուցվել է ծխական դպրոցի շենքը: 20-րդ դարի սկզբի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն եկեղեցուն կից գործել է խառը տիպի միդասյա դպրոց 32 սովորողներով[19]: Հավանաբար դպրոցի տնտեսական դրությունը բարելավելու նպատակով 1908 թվականին եկեղեցու ծխական հոգաբարձությունը հարց է բարձրացրել դպրոցական շենքի արևմտյան կողմում գտնվող դատարկ հողատարածքի վրա կրպակներ կառուցելու մասին: Հոգաբարձության նախագահ և անդամներ են հիշատակվում Համազասպ ա. ք. Տեր-Հովհաննիսյանցը, Իսահակ Հարությունյանցը, քարտուղար` Սարգիս սարկավագ Իփակեանցը[20]:

Կալվածքներ. Շամքորեցոց Սբ Աստվածածին եկեղեցու շարժական և անշարժ ունեցվածքի մասին տեղեկություններ են հաղորդում Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների կալվածքների մասին տեղեկագրերը: Մասնավորապես, 1837 թ. կազմված նման մի տեղեկագրի համաձայն` Շամքորեցոց եկեղեցին զանազան եկեղեցական իրերից զատ ունեցել է նաև անշարժ կալվածքներ. եկեղեցու հյուսիսային կողմից՝ 9, հարավային կողմից` 8, արևմտյան կողմից 10 սաժեն հողատարածք, ինչպես նաև տնատեղիներ[21]: 19-րդ դարի 50-60-ական թվականներին եկեղեցին ունեցել է ուխտավորների համար նախատեսված 5 սենյակ, մայր գումարը կազմել է 149 ռ. 33 կ. արծաթով, տարեկան եկամուտը` 547 ռ. 81 կ. արծաթով[22]: 20-րդ դարի առաջին տանամյակում եկեղեցուն են պատկանել երեք սենյակ, մայր գումարը կազմել է 993 ռ. 48 կ. արծաթով, կալվածքներից ստացվել է 921 ռ. 79 կ. արծաթ եկամուտ[23]:

Շամքորեցոց Սբ Աստվածածին եկեղեցին խորհրդային շրջանում. Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Թբիլիսիի մյուս հայկական եկեղեցիները, Շամքորեցոցը ևս փակվեց: Մասնավորապես 1923-1924 թվականներին այն արդեն փակված եկեղեցիների շարքում էր[24]:

1928-1929 թվականներին, չնայած փակված լինելուն, եկեղեցու ծխական խորհուրդը շարունակել է գործել: Մասնավորապես, եկեղեցին ներառված էր 1929 թ. տեղի ունենալիք Թբիլիսիի թեմական պատգամավորների ընտրությանը հրավիրյալ եկեղեցիների շարքում[25]:

Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը գործածվել է տարբեր նպատակներով. այն վերածվել է հացի գործարանի, ապա՝ պահեստի: 1980-ական թվականներին ծառայել է՝ որպես վրաց նկարիչների արվեստանոց: Այդ տարիներին հայ համայնքը քաղաքային իշխանություններին բազմաթիվ դիմումներ էր հղել եկեղեցին իրենց միջոցներով նորոգելու թույլտվություն ստանալու խնդրանքով, սակայն ապարդյուն: 1989 թ. ապրիլի 14-ին եկեղեցին փլուզվել է: Ըստ իշխանությունների հաղորդած տվյալների՝ եկեղեցու կործանումը հետևանք էր նախորդ օրը (ապրիլի 13-ին) Թբիլիսիում տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի[26], սակայն հաջորդած օրերի վրաց մամուլի հրապարակումներն ակամա քողազերծեցին միտումնա­վորությունը: Մասնավորապես, արդեն ապրիլի 22-ի մի հրապարակմամբ առաջարկվում է կառուցվելիք վրաց առաջնորդանիստ Մայր Եկեղեցին հիմնել «փլուզված» եկեղեցու տեղում[27]: Ապրիլի 27-ին հրատարակված «Ինչո՞ւ քանդվեց Շամխորը» հոդվածում քաղաքի գլխավոր ճարտարապետը շտապում է հայտնել, թե փլուզված եկեղեցին անվերականգնելի է[28]:

Ոչ միայն կիսավեր եկեղեցու մնացորդները, այլև Հավլաբար թաղամասի բնակելի շենքերի զգալի մասը քանդելու միջոցով տեղում վրաց առաջնորդանիստ նոր եկեղեցի կառուցելու վերաբերյալ ընդարձակ մի նյութ էլ հրապարակվում է 1990 թ. փետրվարի 19-ին[29]: Ի վերջո վրաց առաջնորդանիստ եկեղեցին որոշվում է կառուցել ոչ թե Շամքորեցոցի, այլ Խոջիվանքի ավերված հայոց եկեղեցու և գերեզմանատան տեղում, իսկ Շամքորեցոցի մի զգալի հատված էլ քանդվում է շրջապատի համար վերջինիս վտանգազերծելու նպատակով:

1999 թ. դրությամբ կանգուն վիճակում եկեղեցուց պահպանվում էին միայն արևելյան ճակատը և նրան հարող որոշ հատվածներ՝ հարավային և հյուսիսային ճակատներից: 2004 թ. Վիրահայոց թեմը դիմում է Վրաստանի կառավարությանը և պատկան կառույցներին՝ ցանկություն հայտնելով գոնե մասամբ եկեղեցու ավերակները ամրակայելու նպատակով նախ պարսպապատել եկեղեցին՝ հետագայում կից առաջնորդարան կառուցելու համար: Այս մտահղացումն էլ իսկույն ևեթ կանխվում է, քանի որ նույն թվականին, առաջնորդարանին հարմար տեղում հիմնվում և արագորեն կառուցվում է վրացական միջնակարգ դպրոց՝ «Մոմավալի» (Ապագա) անվամբ:

2009 թվականին Վիրահայոց թեմը դիմում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, ի թիվս այլ եկեղեցիների, Շամքորեցոնց Սբ Աստվածածին եկեղեցին ևս թեմին վերադարձնելու հարցով: Վիրահայոց թեմը եկեղեցատեղիները թեմին վերադարձնելու խնդրանքով Վրաստանի իշխանություններին է դիմել նաև 2012 թվականին, իսկ 2015 թվականին՝ Վրաստանի Մշակույթի նախարարությանը, Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը՝ վերջիններիս խնդրելով ներկայացնել եկեղեցիների իրավական գնահատման արդյունքները:

2016 թ. դեկտեմբերից եկեղեցու հարևանությամբ սկսվել են շինարարական աշխատանքներ, փորվել է բազմաբնակարան մեծ շենքի հիմք, որն էլ վթարային իրավիճակ է ստեղծել եկեղեցու հետագա պահպանման համար: Վիրահայոց թեմը բազմաթիվ ահազանգող նամակներ է հղել պատկան մարմիններին, սակայն հարցին լուծում չի տրվել: Այս պահին շինարարական աշխատանքները չեն դադարեցվել, ինչն էլ օր-օրի շարունակում է վնասել ճարտարապետական կառույցի հետագա պահպանմանը:


[1] Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955, էջ 270:

[2] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Երևան, 2009, էջ 161:

[3] ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, ֆ. 102, թ. 17:

[4] П. М. Мурадян, Армянская эпиграфика Грузии, Ереван, 1988, с. 92-93.

[5] Արձանագրությունները տե´ս П. М. Мурадян, նույն տեղում, էջ 93-96:

[6] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1146, թ. 1-2:

[7] ՀԱԱ, ֆ. 56, ց,1, գ. 1146, թ. 6:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1474, թ. 22, 27, 28-30, 36:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2273, թ. 403:

[10] Նույն տեղում, թ. 403-ի շրջ.:

[11] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2282/2/, թ. 392 և շրջ.:

[12] Նորաշեն 2008/2 (14), էջ 2-4:

[13] Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետություն, «Էջմիածին» 2009/Զ/, էջ 72:

[14] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2267, թ. 2, գ. 2270, թ. 2:

[15] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2277, թ. 2:

[16] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2263-2278:

[17] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 20:

[18] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3885, թ. 182 շ.-183:

[19] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 174, թ. 18 շ.-19:

[20] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 369, թ. 3:

[21] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 69 շրջ.-72 և շրջ.:

[22] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 7-ի շրջ., 12:

[23] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /մաս 3/, թ. 291 շ.-292.

[24] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան 1997, էջ 525:

[25] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3218, թ. 81-ի շրջ.:

[26] «Вечерный Тбилиси», 17 апрелья 1989.

[27] „თბილისი“, 22 ապրիլի, 1989:

[28] „თბილისი“, 27 ապրիլի, 1989, էջ 6; «Молодежь Грузии», 27 ապրիլի, 1989:

[29]„თბილისი“, 19 փետրվարի, 1990, էջ 4:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են