ՎԱՆՔԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 931 Թ.: 1938 Թ. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է: ՀԱՅՈՑ ՎԱՆՔԻ ՀԱՄԱԼԻՐԻՑ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԿԱՆԳՈՒՆ Է ՄԻԱՅՆ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆԸ: ՎԱՆՔԻ ՏԵՂՈՒՄ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԹԲԻԼԻՍԻԻ ԹԻՎ 104 ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ Է:
Հիմնադրում և վերանորոգություններ.Թբիլիսիի նախկին Գարեթուբանիի, այժմ՝ Աթոնելիի փողոցում, Քուռ գետի աջափնյակին է գտնվել Վանքի Մայր Տաճարը կամ Հարանց վանքը, որտեղ, մինչև խորհրդային տարիները, տեղակայված է եղել Վիրահայոց թեմի առաջնորդարանը:
Վանքի Մայր Տաճարի հիմնադրման տարեթվի վերաբերյալ աղբյուրները և մասնագիտական գրականությունը հաղորդում են իրարամերժ տեսակետներ, սակայն առավել հավանական է համարվում 931 թվականը[1]:
Եկեղեցին բազմիցս ենթարկվել է նորոգությունների և վերակառուցումների: Առաջին վերանորոգումներից մեկն իրականացվել է 1430 թվականին[2], սակայն հիմնավոր վերակառուցումն արվել է 1480 թվականին: Այն այնքան շքեղ է եղել, որ հետագայում նույնիսկ այդ տարեթիվը հայ և վրաց հետազոտողների կողմից նկատվել է որպես հիմնադրման թվական: 19-րդ դարում Վանքի Մայր Տաճարը համալրվել է նոր կառույցներով՝ թանգարան, դարպաս, առաջնորդարան, որի շինարարության արձանագրությունն ագուցված է զանգակատան պատի մեջ և դեռևս գոյություն ունի[3]:
Ճարտարապետություն. Աղյուսից կառուցված տաճարն ունեցել է եռանավ գմբեթավոր բազիլիկայի հորինվածք` երեք զույգ մույթերով: Բոլոր նավերը արևելքում ավարտվել են կիսաշրջանաձև, հավասար մեծության խորաններով: Երեք խորաններից միջինը նվիրված էր Սբ Աստվածածնին, հարավայինը՝ Սբ Գրիգոր Լուսավորչին, հյուսիսայինը` Սբ Առաքելոց: Սակայն տաճարն ամբողջությամբ անվանվել է Սբ Աստվածածին, որի մեծ գմբեթներն ունեցել են բարձր, տասներկու նիստանի թմբուկներ` բրգաձև վեղարով: Գմբեթի թմբուկի բոլոր նիստերն ունեցել են բարձր և նեղ լուսամուտներ: Մուտքերը բացված էին հյուսիսային, արևելյան և հարավային կողմերից: Հարավային մուտքի առջև կցված էր քառասյուն շքամուտք: Տաճարի գլխավոր ճակատը ձևավորված էր սլաքաձև կամարներով`ուղղանկյուն հարթ խորշերով[4]:
Զանգակատուն. Վանքի մայր տաճարը ժամանակին իր չափերով եղել է քաղաքի խոշորագույն եկեղեցական կառույցը: Եկեղեցական համալիրը իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, բնակելի սենյակներ, պարիսպ: Վանական համալիրի հարավ-արևմտյան անկյունում բարձրանում էր դարպասի վրա կառուցված եռահարկ զանգակատունը, որի բարձր ծավալն ավարտվում էր սյունազարդ ռոտոնդայով: Այժմ պահպանվել է միայն զանգակատունը: Այն բարձրանում է բարձր ցոկոլի վրա: Վերևում քառասյուն ութկամարային միջանցքն է, որն ավարտվում է կոնաձև վրանային ծածկով: Ցոկոլի վրա կանգնած առաջին հարկը ներկայանում է որպես դարպաս` բացված կիսաձև կամարներով: Ճակատամասերի կառուցվածքը և զարդանախշերը արված են դասական ոճով: Կառույցի կողերը զարդարված են որմնասյուներով: Պատերը նախշազարդված են տարբեր չափի կամարակապերով և որմնախորշային բացվածքներով: Դարպասը ամրացված է կիսագնդային կամարով: Զանգակատան վերին հարկեր բարձրանալու համար նախատեսված աղյուսե ոտնատեղերով աստիճանավանդակները անցնում են պատերի հաստության մեջ:
Զանգակատան երկրորդ և երրորդ հարկերը նախագծային նույն կառուցվածքն ունեն: Ուղղանկյուն պահեստարանը ծածկված է կիսագնդային կամարով: Հարկերի բոլոր չորս պատերը միացված են կիսաշրջանաձև կամարներով[5]:
Եկեղեցա-պատմական թանգարան. 1897 թվականին Ավետիս Ղուկասյանի բարերարությամբ սկսվում է Վանքի եկեղեցու կրոնա-պատմական թանգարանի շինարարությունը[6]: Թանգարանում պետք է պահվեին եկեղեցական թանկարժեք իրերը: 1902 թվականի փետրվարի 21-ին, Վարդանանց տոնի առթիվ և ձեռամբ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի, հանդիսավոր պայմաններում կատարվում է թանգարանի բացման արարողությունը: Թբիլիսիի քաղաքային իշխանությունների որոշմամբ թանգարանի շենքը հիմնովին քանդվում է 1939 թվականին[7]:
Գերեզմանոց. Առաջնորդանիստ Վանքի եկեղեցին հայտնի էր նաև ազգային իր գերեզմանոցով: Այն գոյություն ուներ առնվազն միջնադարից, բայց պատմական ու նվիրական հուշարձանը պահպանելու և այն խնամելու նպատակով բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկվել: Այդ է պատճառը, որ գերեզմանատանը գտնված ու մինչև 1939 թվականը պահպանված մեզ հայտնի տապանաքարերը պատկանում են 19-20-րդ դարերին: Վանքի գերեզմանատանն ամփոփված էին հայ նշանավոր գործիչների և թեմակալ առաջնորդների աճյունները[8]:
Կալվածքներ. Եկեղեցուն պատկանող կալվածքների մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում թեմի եկեղեցիների կալվածքների տեղեկագրերը: 1837 թվականի նման մի տեղեկագրի համաձայն՝ նրան են պատկանել ինչպես եկեղեցական մի շարք արժեքավոր իրեր, այնպես էլ անշարժ կալվածքներ հողի, կրպակների և տների տեսքով[9]: Եկեղեցուն է պատկանել նաև Կուր գետի ափին գտնվող «Մեծ և Փոքր կղզիներ» կոչվող կալվածքը:
Միաբաններ և երեսփոխաններ. Վանքի Մայր Տաճարի միաբաններից են եղել Ղևոնդ քհն. Խարազյանցը, Եզնիկ քհն. Երզնկյանցը, Գյուտ քհն. Աղանյանը, Գրիգոր քհն. Խոջաէնիաթյանցը, Գալուստ քհն. Աբուլյանցը[10]: Երեսփոխաններից և հոգաբարձուներից են եղել Զաքար Դավթի Մամուլյանը, Ս. Շահվերդյանը, Մ. Մելիքյանը[11], Գևորգ Տեր-Ղուկասյանը, Գրիգոր Օքրոյանցը, Հովսեփ Հովսեփյանցը[12]:
Վանքի Մայր Եկեղեցին խորհրդային շրջանում. 1920-30-ականթվականներինՎանքի Մայր Եկեղեցին, չնայածհայտնվել էր անխնամ վիճակում, սակայն շարունակումէրգործել: 1937 թվականին խորհրդային իշխանությունների կողմից ավերվում է Հարանց վանքի հայկական գերեզմանոցը, իսկ 1938 թվականին կազմակերպվում Թբիլիսիի Հայոց Վանքի ոչնչացումը: Երբեմնի նշանավոր Վանքի Մայր Տաճարի համալիրից ներկայումս կանգուն է միայն զանգակատունը, որն էլ հանդիսանում է մասնավոր սեփականություն: Վանքի տեղում ներկայումս Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցն է:
[1]Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 161:
[2]ՀԱԱ, ֆ. 332, նույն տեղում:
[3]Նորաշեն, 2007/1 (7), էջ 7-8:
[4]Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, Էջմիածին, 2009/6, էջ 70:
[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:Վիրահայոց թեմ:
[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 228, թ. 1, 7 և շրջ.:
[7]Նորաշեն, 2007 /1/ 7/ էջ 7-8:
[8]Նորաշեն, նույն տեղում:
[9]Մանրամասն ցանկը տե′ս ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 8-9 շրջ.:
[10]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 551, թ. 1-ի շրջ.:
[11]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 551, թ. 51:
[12]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 332, թ. 2: