ՉՈՒՂՈՒՐԵԹԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ (ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ) ԵԿԵՂԵՑԻ
Չուղուրեթի ևս մեկ հայկական եկեղեցու` Սբ Գևորգի (Պանասևիչի փ., Նինո Չխեիձեի փ.) հիմնադրման վերաբերյալ տեղեկությունները ևս սուղ են: Հիմք ընդունելով Պ. Մուրադյանի շրջանառած «Ցանկ Հայոց եկեղեցեաց ի Թիֆլիս և շրջակայս» սկզբնաղբյուրը` եկեղեցին հիմնադրվել է 1807 թվականին երևանցի Պապեն և Հակոբ Քոչարովների կողմից[1]:
Եկեղեցու վերաբերյալ տեղեկությունների կարելի է հանդիպել նաև Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում: 1841 թվականի թեմի եկեղեցիների մի տեղեկագրի համաձայն` Սբ Գևորգ անվամբ հիշատակվող եկեղեցու մայր գումարը կազմել է 135 ռուբլի արծաթով[2]:
Չուղուրեթի Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցու վերաբերյալ հիշատակություն առկա է թեմի եկեղեցիների 1837 թվականի մի տեղեկագրում, համաձայն որի՝ այն ունեցել է շարժական գույք և անշարժ կալվածքներ[3]: 1885-1886 թվականների դրությամբ եկեղեցու ծխականների թիվը հիշատակվում է 612-ը[4]:
Խորհրդային կարգերի հաստատման առաջին տասնամյակում եկեղեցին դեռևս շարունակում էր բաց մնալ[5]: 1928-1929 թվականների եկեղեցու քահանաներ են հիշատակվում Տեր Հովհաննես Յուզբաշյանը և Եղիա քհն. Մանասյանը[6]:
Սուրբ Աստվածածին եկեղեցու վրացականացման աշխատանքները սկսվում են 1980-ական թվականներից: 1984 թվականին եկեղեցու բակից դուրս է տարվում Գևորգ Միրիմանյանցի արձանագիր շիրմաքարը (1857 թ.), ապա, 1989 թվականից, սկսվում են եկեղեցու, այսպես կոչված, վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվում են 1991 թվականի հունվարի 26-ի օծումով` «Սուրբ Նինո» անվամբ[7]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 111:
[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 /2/, թ. 98-ի շրջ.-99:
[3] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 87-88:
[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 20
[5] Վավերագրեր Հայ կեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 526:
[6] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3218, թ. 50-ի շրջ.:
[7] Ս. Կարապետյան,Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 70-71: