Материалы

ՉՈՒՂՈՒՐԵԹԻ (ԶԱՌԻՎԱՅՐԻ) ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

chughureti surb karapet 1 Սբ Կարապետ եկեղեցին գտնվել է Թիֆլիսի Չուղուրեթ կոչված թաղամասի հարավային փորակի աջ կողմում (Խեթագուրովի փ.): Նշված թաղամասում հայկական երեք եկեղեցի է եղել, որոնցից մեկն էլ Ս. Կարապետն է: Եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ: Ըստ Էգն. Իոսելիանու՝ այն հիմնադրվել է 1400 թվականին, մոքալաք Ղազազովի կողմից, սակայն հայ հետազոտող Պ. Մուրադյանը, հիմք ընդունելով Թիֆլիսի հայոց եկեղեցիների ցանկերից մեկի հաղորդած տվյալները, եկեղեցու հիմնադրման հավանական տարեթիվ է նշում 1705 թվականը[1]: Վերջինս կասկածի տակ է առնում Իոսելիանու հաղորդածը, քանի որ հիշյալ ժամանակաշրջանում Չուղուրեթ թաղամասի վերաբերյալ հիշատակություններ առկա չեն:

Chughureti Surb KarapetԵկեղեցու վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել նաև Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցու անունն առկա է թեմի եկեղեցիների 1841 թվականի տեղեկագրում, ըստ որի եկեղեցու մայր գումարը կազմել է 239 ռ. 91 կ. արծաթով: Ունեցել է նաև 201 սաժեն հողատարածք[2]:

Սբ Կարապետ եկեղեցու վրացականացման աշխատանքները սկսվեցին 1980-ական թվականներից: Յուրացման սկզբում նախ քանդվում է եկեղեցու բարձր բեմը, որի կենտրոնում կանգնեցված վեմ քարը դեն է նետվում: Վերջինս կրում էր ոմն Պլատոն աբեղայի հիշատակումով 1882 թվականի նվիրատվական հայերեն արձանագրություն: 1990-ական թվականներին սկսվեցին յուրացման վերջին աշխատանքները, որոնք ավարտվեցին 1991 թվականին զանգակատան ոչնչացումով[3]: Վրացականացված եկեղեցին վերանվանվել է «Բոլոր սրբերի»:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 78:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802/ մաս 1/ թ. 97 շրջ.-98:

[3] Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 27:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են