Материалы

ՁՈՐԱԲԱՇԻ (ԳԱՆՁԱԿԵՑՈՑ) ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

dzorabashi surb gevorg 1 Թիֆլիսի Ձորաբաշի Սբ Գևորգ եկեղեցու (Մետեխյան վերելք, Ջորբենաձե փ. 1) հիմնադրման թվական է հիշատակվում 1600 թվականը, հիմնադիրներ`16-րդ դարի վերջերին Հավլաբարում հաստատված գանձակեցի հայերը[1]: Եկեղեցու վերաբերյալ բազմաթիվ հիշատակություններ են առկա Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում, որոնք փաստում են եկեղեցու հայկական լինելը:

Այսպես` 1877-1878 թվականների թեմի եկեղեցիների կալվածքների տեղեկագրի համաձայն` Ձորաբաշի Սբ Գևորգ եկեղեցուն են պատկանել վարձակալման տրված մեկ խանութ, 5 սենյակ, 2 խոհանոց[2]: 1885-1886 թվականների տեղեկագրի համաձայն` եկեղեցին ունեցել է 2 սրբազնագործ հոգևորական, 1685 ծխական[3]: 20-րդ դարի առաջին տասնամյակի թեմի եկեղեցիների տեղեկագրում դարձյալ առկա է հիշատակություն եկեղեցու անվան և կալվածքների dzorabashi surb gevorg 2մասին[4]: Պահպանվել են նաև եկեղեցու 1860-1870-ական թվականների չափա­բերական մատյանները[5]:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին, ի թիվս քաղաքի մյուս հայկական եկեղեցիների, կնքվեց և փակվեց իշխանությունների կողմից: 1928 թվականին այն արդեն դադարեցրեց իր գործունեությունը[6]: 1980-ական թվականների վերջերին եկեղեցու տանիքն արդեն կիսափուլ վիճակում էր:

1990-ական թվականներին Ձորաբաշի Սբ Գևորգ եկեղեցին ևս վրացականացվեց: 1995 թվականին այն վերջնականապես խոնարհվեց[7]: 1997 թվականի հուլիսի 2-ին իսպառ ավերված եկեղեցու տեղում կատարվեց կառուցվելիք վրաց եկեղեցու հիմնօրհնեքը[8]: Այժմ եկեղեցու տեղում կառուցվել է նոր վրացական եկեղեցի և անվանվել «Դավիթ Նախավկա»:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 25:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 101 շրջ.-102:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 20:

[4] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /3/, թ. 291 շրջ.-292:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2351-2366:

[6] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան 1997, էջ 526:

[7] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 25:

[8] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ XII:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են