ՎԵՐԱՅԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
Թիֆլիսի Վերա թաղամասում գտնվող համանուն գերեզմանոցի տարածքում կառուցված Վերայի Սբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 40-50-ական թվականներին, հիմնականում մեծահարուստ Դավիթ Թամամշևի միջոցներով, իսկ եկեղեցու շուրջը ստեղծված գերեզմանատանն էլ հետագայում ամփոփվել են թիֆլիսահայ պատվավոր քաղաքացիների և հասարակական գործիչների աճյունները[1]:
Համաձայն Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդում պահպանվող արխիվային վավերագրերի` եկեղեցին ունեցել է այգի, ինչպես նաև այլ անշարժ կալվածքներ: Թեմի եկեղեցիների 1915-1916 թվականների տեղեկագրի համաձայն` նրան են պատկանել երկու սենյակ, տարեկան մայր գումարը կազմել է 178 ռ. 67 կոպեկ արծաթով, եկամուտը` 291 ռ. 13կ.[2]: Առկա են նաև մի շարք փաստաթղթեր եկեղեցապատկան այգու վարձակալության, վարձակալների և գերեզմանոցի վերաբերյալ[3]:
20-րդ դարի սկզբների եկեղեցու միաբան է հիշատակվում Նիկողայոս քհն. Բավեյանցը[4]:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սբ Խաչ եկեղեցին, Սբ Նշան և Էջմիածնեցոց Սբ Գևորգ եկեղեցիների հետ միասին, 1928 թվականին կնքվում է իշխանությունների կողմից, սակայն 1930 թվականին դարձյալ վերադարձվում ծխական համայնքներին[5]:
1988-ական թվականներից սկսվում է Վերայի Սբ Խաչ եկեղեցու վրացականացման գործընթացը: Նույն թվականին վերջին եկեղեցին փակվում է, իբրև թե վերանորոգվում է, որից հետո այն վրացականացվում է և վերանվանվում Սբ Պանտելեյմոն[6]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 32:
[2] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /մաս 3/, թ. 292 շրջ.-293:
[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3276, թ. 1, 19, 23 և շրջ.; գ. 2466, թ. 4-6, 14 և շրջ.:
[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3262, թ. 100:
[5] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Երևան, 1997, էջ 526:
[6] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 32: