Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ոգեկոչման հուշ-երեկո
2023 թվականի ապրիլի 24-ին, երեկոյան, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական նոր թատրոնում, Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում:
Իրենց պատվավոր ներկայությունն էին բերել Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ջավախքի Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի թեմի միտրոպոլիտ Բարձրաշնորհ Նիկոլոզ Փաչուաշվիլին, ՀՀ և Վրաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի, քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ և վիրահայ հասարակայնության անդամներ:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Վրաստանում ՀՀ աւրտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը անդրադարձ կատարեց 108 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությանը, մեկուկես միլիոն հայերի դեմ կատարված ցեղասպանությանը: Պարոն դեսպանը ընդգծեց, որ մերժելով ատելությունն ու առճակատումը, սակայն շարունակել ապրել հիշողության պահպանմամբ, որպեսզի այլևս ոչ մի տեղ չլինեն ոճրագործությունների նկրտումներ, որպեսզի չկրկնվեն նման արհավիրքները:
Թբիլիսիի Գ.Լեոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն իր խոսքում կարևորեց մարդ լինելու գերագույն նպատակը՝ չմոռանալ անցյալը, պահել հիշողությունը, մերժելով ատելությունը՝ կերտել ապագան: Իսկ նկարչուհի Իռեն Օհանջանովան, հանձինս իր պապի՝ ներկայացրեց ցեղասպանությունից փրկված և Վրաստանում ապաստանած իր ընտանիքի պատմությունը, կարևորելով մարդ մնալու գերագույն պատվիրանը:
Օրվա ծրագիրը ներդաշնակված էր նաև գեղարվեստական համարներով, ստեղծելով հիշողության, հավատի և հույսի մթնոլորտ: Իրենց գեղեցիկ, հուզական և վարպետ կատարումներով երեկոն գեղեցկացրին երգչուհի (սոպրանո) Հասմիկ Բաղդասարյանը, դաշնակահարներ Անահիտ Ստելմաշովան և Արսեն Կարապետյանը:
Երեկոյի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի թեմի միտրոպոլիտ, Բարձրաշնոորհ Նիկոլոզ Փաչուաշվիլին, ՀՀ և Վրաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս գերաշնորհ Ժոզե Ավելինո Բետանկուրին իրենց աղոթքով առ Աստված հայցեցին վասն հավատի և վասն հայրենյաց Սուրբ Նասհատակների բարեխոսությունը: