«Վերնատուն» տարեգրքի 12-րդ համարի շնորհանդեսը Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և »Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ, 2026 թվականի մարտի 7-ին Թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ «Վերնատուն» տարեգրքի 12-րդ համարի շնորհանդեսը: Տարեգիրքը նվիրված է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, երջանկահիշատակ Ժորա (Գևորգ) Սնխչյանի հիշատակին:
Տարեգրքի հրատարակության աշխատանքներն իրականացվեցին թբիլիսահայ վաստակաշատ մանկավարժ Ռոզա Զոհրաբյանի անշահախնդիր ջանքերով: Տարեգրքում զետեղված են Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության գործունեության տարիներին Վրաստանաբնակ և տարբեր երկրների հայ ստեղծագործողների գործերը՝ որպես յուրահատուկ անդրադարձ Ժորա Սնխչյանի գլխավորած հասարակական միության գործոնեության տարեգրությանը:
«Վերնատուն» հերթական տարեգրքի շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, բանաստեղծ, թարգմանիչ Բաղաթեր Արաբուլին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Վերջիններս արժևորեցին վերոհիշյալ կազմակերպության Գիվի Շահնազարի, Անահիտ Բոստանջյանի և Ժորա Սնխչյանի կազմով պանծալի եռյակին, ովքեր իրենց ակտիվ գործունեությամբ ոչ միայն բարեկամական, այլև նոր պաթոսով հնչեղություն էին հաղորդում հայ-վրացական գրական կապերի զարգացմանը:
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության տարբեր սերնդի անդամները կանգնած լինելով վերոնշյալ միության ստեղծման ակունքների մոտ, իրենց ելույթներում հիշատակեցին ստեղծագործական միության արգասաբեր գործունեության տարբեր բնագավառները՝ նորանոր հեղինակների գործերի տպագրությունը, թարգմանությունների կազմակերպումը Ղազարոս Աղայանի տուն թանգարանի բազմաբովանդակ աշխատանքները, ամենամյա իրականացվող աղայանական տոնը, պատանի ստեղծագործողների տարաբնույթ ոգեշնչումը, վիրահայ գրողների մասնակցությունը գրական միջոցառումներին և մրցույթներին և այլն: Հավելենք, որ եղան նաև քննադատական ելույթներ:
Շնորհանդեսին հանդիսավոր և տոնական շունչ հաղորդեցին ջավախահայ բանաստեղծուհի Սիլվա Սիփանյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մելանիա Բարսեղյանը, բանաստեղծ-թարգմանիչներ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան, Միխայիլ Անանովը բանաստեղծուհի Ռուզաննա Հովասափյանը, ինչպես նաև Գուրի Եթերի թոռնուհու, Վիրահայոց թեմի Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սաների արտասանությունները:
«Վերնատուն» տարեգրքի 12-րդ համարը լույս է տեսել ՋԱՀ հիմնադրամի նախագահ Շիրակ Թորոսյանի աջակցությամբ:
Վիրահայոց թեմի մամլո դիվան
Հայերեն
ქართული
English
Русский 
