Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղը տոնեց իր 120 - ամյակը

2025 թվականի հոկտեմբերի 18–ը տոնական էր Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղի համար: Տեղի բնակչությունը՝ ահել ջահելով, մեծ ու փոքրով տոնեց գյուղի հիմնադրման 120 ամյակը: Տոնակատարությանը ներկա էին Մառնեուլիի շրջանային ղեկավարության ներկայացուցիչներ, ծննդով Կարմիր գյուղից, ներկայումս արտերկում բնակվողներ, հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից, Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից և արտասահմանյան այլ երկրներից:
Կարմիր գյուղի հիմնադրման հոբելյանական միջոցառմանը ներկա էր Վիրահայոց թեմի պատվիրակությունը՝ Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ:
Հոբելյանական միջոցառման բացման խոսքում, Կարմիր գյուղի դպրոցի նախկին տնօրեն Վարդան Սայադյանը անդրադարձ կատարեց գյուղի պատմությանը, հիշատակեց գյուղի հերոս զավակներին և գյուղի բնակչությանը շնորհավորեց փառապանծ հոբելյանի կապակցությամբ:
Օրհնության և շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Սրբազան հայրը բարեմաղթեց ներկաներին շարունակել պահել բնակավայրի արժանապատվությունը, ապրել ազգին, հավատքին հավատարմության պատգամով, պահել ու սերունդներին փոխանցել մայրենի լեզուն, քրիստոնեական հավատքը, ազգային մշակույթը, քանզի դրանք են ժողովրդին՝ որպես ազգ պահելու գրավականը:
Հոբելյանական միջոցառմանը գյուղի բնակչությունը ընդգրկվել էր հատուկ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց ձեռքով պատրաստած բարիքները:
Ուրախ երգի, պարի, զվարճալի երաժշտության ուղեկցությամբ մինչև ուշ շարունակվեց հոբելյանական տոնակատարությունը:
Հիշեցնենք, որ 200 ից ավելի ընտանիք ունեցող Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղը հայաբնակ է և այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանված ու մազապուրծ փրկվածների սերունդները: Հաստատվելով բարենպաստ պայմաններ ունեցող այս տեղանքում, հայերը պահել ու պահպանել են լեզուն, հավատքը, ազգային արժեքները: 2012 թվականին Վիրահայոց թեմի աջակցությամբ գյուղում կառուցվել և հանդիսավորապես օծվել է Սրբոց Ավետարանչաց մատուռը, որտեղ թեմի հոգևոր սպասավորները պարբերաբար մատուցում են Սուրբ Պատարագներ և անցկացնում ծիսական արարողություններ: 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին գյուղում կանգնեցվեց խաչքար Սրբադասված նահատակների Հիշատակին :