Материалы

Անանով ընտանիքի նվիրումը Հովհ. Թումանյանի 150-ամյակին

Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում շարունակվում են ժողովրդական մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակին նվիրված տոնահանդեսները: 2019 թվականի նոյեմբերի 3-ին Թումանյանի տան հյուրասրահում հավաքվել էին օտարալեզու մտավորականության ներկայացուցիչները, Թումանյանի ստեղծագործությունների երկրպագուները: Միջոցառումը յուրահատուկ էր: Այն նախաձեռնել էր թբիլիսաբնակ Անանով ընտանիքը՝ ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ Միխայիլ Անանովը, կնոջ և դստեր մասնակցությամբ:

Ողջույնի իր խոսքում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մազմանյանն ընդգծեց, որ Հովհաննես Թումանյանի մեծարումը կայանում է նրա իսկ բնակարանում, որտեղ 100 տարի անց վերստին տեղի են ունենում գրական երեկոներ, սալոնային հանդիպումներ, բարեկամական հյուրընկալություններ: Հիրավի, միջոցառումը հետաքրքիր էր, բազմաբովանդակ, հագեցած խոսքով, ասմունքով, թատերական դրվագներով, երաժշտությամբ:

Երեկոյի ընթացքում հոր՝ Միխայիլի և դստեր՝Աննայի մասնակցությամբ հայերեն և ռուսերեն ներկայացվեց Ամենայն Հայոց բանաստեղծի կյանքի ու գործունեության ոլորապտույտ ճանապարհը, որը կրելով կյանքի դժվարությունների, ընտանեկան ողբերգությունների, ազգային ցավի դրոշմը, սակայն պռնկե-պռունկ լցված էր ազգասիրության, հայրենասիրության, ժողովուրդների բարեկամության, հյուրընկալության նվիրական զգացումներով:

74667389Կնոջ՝ Գրետայի գեղեցիկ հայերեն արտասանությամբ և ամուսնու՝ փայլուն թարգմանությամբ ռուսերեն ընթերցվեցին հատվածներ Պարույր Սևակի գործերից, ներկայացվեցին տեսագրություններ, հնչեցին բանաստեղծություններ, Վալերի Բրյուսովի խոսքը Թումանյանի և Հայաստանի մասին, բեմականացվեց Հովհաննես Թումանյանի և Սերգեյ Եսենինի՝ երկու հանճարեղ բանաստեղծների հանդիպումը:

Գնահատանքի խոսքով հանդես եկան «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Իրենց խոսքում արժևորելով Միխայիլ Անանովի և նրա ընտանիքի մեծ սերը հայ գրականության հանդեպ, նաև կարևորեցին Ամենայն Հայոց բանաստեղծին նորովի ներկայացնելու, միջոցառումը բազմաբովանդակ դարձնելու նրանց մոտեցումը, որը հիրավի տպավորիչ էր:

Բարձր մակարդակով, գեղեցիկ և ճաշակով կազմակերպված միջոցառումից իրենց ստացած տպավորություններն արտահայտեցին հյուրերը, որոնց շրջանում էին Թումանյանի ծոռնուհի՝ Ալյոնա Կոլեսսնիկովան, «Թբիլիսիի հայ համայնք» կազմակերպության նախագահ Միխայիլ Թադևոսովը, պրոֆեսոր Ալեքսանդր Պիրադովը, Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Անատոլի Լոբովը, լրագրող Սուսաննա Խաչատրյանը: Առաջարկություն եղավ միջոցառումը նաև հասարակայնության այլ զանգվածների ներկայացնելու մասին, ընդորում կոլորիտային Թբիլիսիի բազմազգ բնակչությանը: Այն կդառնա վկայությունն այն բանի, որ ժողովուրդների բարեկամության մեծ երգիչը՝ լինելով ազգությամբ հայ, ապրել և ստեղծագործել է տարբեր ժողովուրդների և կրոնների միասնական օջախ Թբիլիսի քաղաքում:

Երեկոն գեղեցկացրին Խաթունա Պողոսովա-Պանիաշվիլին, Իննա Դավիթաշվիլին և Արամ Արությունովը:

Միջոցառումը Անանով ընտանիքի խոնարհումն էր Հովհաննես Թումանյան հանճարի փառապանծ 150-ամյա հոբելյանին:

Թումանյանի տուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են