Материалы

Պետրոս-Ադամյան – 150-ամյա հոբելյան

Թբիլիսիի 150-ամյա հայկական թատրոնը, որը մայր հայրենիքից դուրս գործող միակ պետական պրոֆեսիոնալ թատրոնն է, կրում է հայ հանճարեղ դերասան Պետրոս Ադամյանի անունը: Այս տարի լրացավ Պետրոս Ադամյան մեծ դերասանի, բանաստեղծի, գրողի, նկարչի և հասարակական գործչի ծննդյան 150-ամյակը:

2019 թվականի դեկտեմբերի 8-ին, Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ դաս - միջոցառում, որտեղ վերոնշյալ կազմակերպության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը հանդես եկավ «Հայ թատրոնը և Պետրոս Ադամյանը» թեմայով դասախոսությամբ:

Բազմամարդ էր դահլիճը, նկատելի էր երիտասարդների հետաքրքրությունը: Մարդիկ եկել էին լսելու և հարգանքի տուրք մատուցելու Համլետի և Օթելլոյի դերակատարումներով աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում դասված Ադամյան դերասանի հիշատակին:

Ենոք Թադևոսյանն իրեն հատուկ հետաքրքիր և բանիմաց ոճով արձանագրեց հայոց թատրոնի պատմությունը՝ սկսած Արտավազդի ստեղծած առաջին հայկական թատրոնի ձևավորումից մինչև Ադամյան դերասանի ստեղծագործական կյանքի նկարագրությունը: Անդրադարձ կատարելով Պետրոս Ադամյանի կյանքին և թատերական ասպարեզ մուտքին, բանախոսը ներկայացրեց այն դերերը, որոնք տաղանդավոր դերասանը խաղացել է տարբեր երևելի թատրոնների բեմերում:

Իրավամբ, Ադամյանն ունեցել է արվեստի ինքնատիպ լեզու, հրաշալի ձայն, դերասանական անսահմանափակ շնորհ: Պետրոս Ադամյանի դերասանական արվեստը իր գագաթնակետին է հասել Թիֆլիսում և հատկապես Թիֆլիսյան տարիներն են եղել բեկումնային նրա ստեղծագործական կյանքում: Հայերեն, երբեմն նաև ֆրանսերեն Ադամյանը խաղացել է տարբեր դերեր՝ բոլորն էլ ինքնատիպ, անկրկնելի, անմոռանալի: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ-ին Կոստանդնուպոլսում:

Պետրոս Ադամյանը բազմակողմանի զարգացած, անսպառ տաղանդով օժտված ստեղծագործող է: Նա հանդես է եկել նաև ասմունքով, գրել է բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր: Մեծ դերասանն անջնջելի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ: Հավարտ դաս-միջոցառման առաջարկություն եղավ հայ արժանավոր նախնիների մասին բանախոսությունները դարձնել շարունակական:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին թատրոնի վաստակաշատ դերասան Ռոբերտ Հովհաննիսյանի վախճանը:

Դաս-միջոցառումը բանախոս Թադևոսյանը ամփոփեց Թբիլիսիում հայոց պետական թատրոնի ներկայիս իրավիճակի մասին խոսքով, արժևորեց Պետրոս Ադամյանի անունը կրելու պատիվը:

79116426

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են