Материалы

Հովհ. Թումանյան-150. Երեք գրքի շնորհանդես՝ Թբիլիսիում

2019 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիում, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանդիսությունների սրահում կայացավ միջոցառում, որը դարձավ Հովհաննես Թումանյանի երեք նոր գրքերի շնորհանդես և երկու հանճարների՝ Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների ամփոփում:

Իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնոր Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ախալքալաքի և Գումբուրդոյի միտրոպոլիտ Գերաշնորհ Նիկոլոզ Փաչուաշվիլին, քույր եկեղեցիների առաջնորդներ, վիրահայոց թեմի հոգևորականաց դասը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի առաջին փոխնախարար Բադրի Մաիսուրաձեն, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարության, Աբխազիայի մշակույթի նախարարության բարձր պաշտոնյաներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, համայնքային գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Երևանից ժամանել էր հեղինակավոր պատվիրակություն՝ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի գլխավորությամբ: Դահլիճը զարդարել էր «Արմենպրես» գործակալության «Հետահայաց» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել էին գործակալության կողմից Թումանյանի 100-ամյակի առթիվ պատրաստված ու ներկայացված լուսանկարները:

Վրաստանի Մշակույթի դեպարտամենտի աշխատակից Նանա Դոլիձեն, Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարության ներկայացուցիչ Թինաթին Ղողելիանին, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը, Երևանի Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանն իրենց ելույթներում անդրադարձ կատարեցին Լոռու Դսեղ գյուղում ծնված և տարիներ անց Թբիլիսիում հաստատված, իր ողջ գիտակցական կյանքը ժողովուրդների բարեկամության փառաբանմանը նվիրած Հովհաննես Թումանյանի կյանքին և գործունեությանը, ում աճյունը ամփոփված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը կարևորեց Թբիլիսիում Ամենայն հայոց բանաստեղծի արձանի տեղադրումը, ընդգծեց, որ դեսպանությունը շարունակում է աշխատանքներն այդ ուղղությամբ:

Դահլիճում ներկայացված էին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված երեք նոր գրքերը: «Տասը հեքիաթ» ժողովածուն, որտեղ զետեղված են վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլիի կողմից թարգմանված Թումանյանի չորս հեքիաթները, ավելացել էր ևս վեց հեքիաթ, որոնց թարգմանությունն իրականացրել է բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը: Վերջինս իր խոսքում անդրադարձ կատարելով Հովհաննես Թումանյան մեծությանը, կարևորեց նրա հեքիաթների պարզ ու հասկանալի, խրատական, փիլիսոփայական և արդիական լինելը, որոնք հարազատ են հասարակության բոլոր անդամներին՝ մեծից-փոքր և փոքրից-մեծ: Նկարազարդումներն իրականացրել են Իվանե Կեզուան և Շորենա Չաչանիձեն: Հեքիաթների գրքի թարգմանության, հրատարակության և տպագրության աշխատանքները իրականացրել է Երևանի Թումանյանի թանգարանը:

Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին մանրամասն խոսեց «Թումանյան-150» գրքի մասին, որի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բազմազգ Վրաստան» ծրագրի շրջանակներում: «Թումանյան-150» -ում տեղ են գտել Թումանյանի չթարգմանված քառյակները, ավելի վաղ թարգմանված մի քանի բանաստեղծություններ և նամակներ: «Թումանյան լուսեղենը» կազմել է վրացագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Բայրամյանը և ընդգրկում է Թումանյանի՝ Վրաստանին ու վրաց բարեկամներին նվիրված բանաստեղծությունները, հոդվածները և նամակները, ինչպես նաև վրացի գործիչների՝ Թումանյանին ուղղված նամակները, բանաստեղծությունները, գնահատականները: Գիրքը տպագրվել է ՀՀ Մշակույթի նախարարության, Վիրահայոց թեմի և անհատ բարերար Սերգեյ Սիմոնյանի ծախսերով:

Հոբելյանների նշանավորումը, համատեղ միջոցառումների իրականացումը նաև մայր հայրենիքից դուրս ազգայինը պահպանելու, ներկայացնելու, տարածելու աշխարհասփյուռ հայությանը ընձեռված լավագույն միջոցներից է: Ժամանակին ստեղծված հոբելյանական հանձնաժողովը, որն իր կազմում ընդգրկում էր Թբիլիսիի և հայաբնակ տարածաշրջանների հայկական կառույցների ներկայացուցիչներին, Վիրահայոց թեմի այն ժամանակի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, բարձր մակարդակի միջոցառումներով նշեց Թումանյանի, Կոմիտաս վարդապետի հոբելյանները Թբիլիսիում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցիխեում, Բաթումիում, Մառնեուլիում և մյուս հայաբնակ վայրերում, գրեթե ամենշաբաթյա միջոցառումներ իրականացվեցին «Հովհաննես Թումանյանի տուն», «Հայարտուն», «Ռաֆայել Ջավախ» կենտրոններում:

Հոբելյանական հանձնաժողովի անունից երախտագիտության խոսքեր ուղղվեցին Վազգեն Սբազանին՝ միջոցառումները նախանշելու, համակարգելու և ծրագիրт իր գլխավորությամբ մասամբ իրագործելու համար:

Հոբելյանական միջոցառումների իրականացմանը հայրական օրհնության և առաջնորդական աջակցության համար Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին փոխանցվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալը: Երևանի Թումանյանի թանգարանը «Հովհ. Թումանյան-150» հուշամեդալով պարգևատրեց բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարին, Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլիին և «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանին: Իսկ Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովան «Հովհ.Թումանյանի տուն» կենտրոնին նվիրեց ընտանեկան մասունքներից:79185452 2635789753204487 3851469909317910528 O

Միջոցառումն ամփոփեց առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Իր օրհնությունը հղելով կազմակերպիչներին, Հայր Սուրբը գնահատանքի խոսք ասաց Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Վրաստանի և Հայաստանի Մշակույթի նախարարություններին, Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանին, Վրաստանի գրողների միությանը, Վրաստանում ՀՀ դեսպանությանը, «Վրաստան» թերթին, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնին, պետական, հասարակական, համայնքային բոլոր կառույցներին, Վրաստանի հայկական դպրոցներին՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու համար:

Իրենց ասմունքով, երգով և նվագով միջոցառումը գեղեցկացրին թիվ 104 դպրոցի աշակերտներ Ալիսա Ումուրշատյանը, Դավիթ Մաղալովը, երաժիշտ Եսայի Աբովյանը, «Մակար Եկմալյան» եկեղեցական երգչախմբի մենակատար Սվետլանա Տատոևան, նրա սան Էլեն Ռեյհանովան: Հոբելյանական երեկոն ամփոփվեց Կոմիտասի երաժշտությամբ, որը կատարեց Կոնստանտինե Վարդելիի անվան լարային քառյակը պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ղեկավարությամբ:

Շնորհանդեսը վարեցին «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Սուրեն Աբրամյանը:79703470 2635791036537692 6074850066139447296 O

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են