Материалы

Թբիլիսիում նշվեց Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը

Տարին հոբելյանական է, արվեստասեր հայ հասարակայնությունը նշում է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր,  ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150- ամյակը: Արժանահիշատակ տարեդարձը, երեք երկրների, այդ թվում  նաև Վրաստանի հայտով, մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոնական ծրագրերի օրակարգում, ստանալով միջազգային  հնչեղություն:

Արձանագրելով այն, որ  այս տարի լրանում է նաև Ալ. Սպենդիարյանի Թբիլիսի կատարած առաջին այցելության 105-ամյակը, հոբելյանը ստացավ երկակի տոնակատարության որակ:   Անվանի կոմպոզիտորի այցելությունը, ծանոթությունը, ընկերությունը, բարեկամությունը վրաց դասական երաժշտության կարկառուն դեմքերի, ընդորում վրաց դասական երաժշտության հիմնադիր  Զաքարիա Փալիաշվիլիի հետ, տարիների ընթացքում  խորացավ, ստանալով ստեղծագործական համագործակցության բնույթ: Ուստի Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի տուն-թանգարանի, Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ, մեծ կոմպոզիտորի  հոբելյանական ծրագրի թբիլիսյան էջը ստացավ «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս»  խորագիրը:

247492551

Հոբելյանական միջոցառումները կյանքի կոչվեցին Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի բարի կամքով և օրհնությամբ, իրականացվեցին 2021 թվականի հոկտեմբերի 23-24-ին՝ Վիրահայոց թեմի աջակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ: «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս»  խորագրով  միջոցառումներին մասնակցում էին Երևանի Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի գլխավորած պատվիրակության անդամները:  

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում տոնական տրամադրության նախերգանքը «Էնզելիի» կատարումն էր կենտրոնի դուդուկի դասարանի սան Արթուր Պապիկյանի կողմից՝ Անրի Ակոպյանի, դուդուկի ուսուցիչ Իվանե Մկրտչյանի և դհոլի ուսուցիչ Սերգեյ Մալխասյանի նվագակցությամբ: Միջոցառումը վարում էին կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյանը:

24836698

Դահլիճում էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգևորականներ,  Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, քաղաքապետարանի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի աշխատակիցներ, արվեստասեր  հասարակայնության ներկայացուցիչներ:  

Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր և բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Վերջինս իր ելույթում  կարևորեց  կոմպոզիտորի այցելությունը Թբիլիսի, բարեկամությունը հայ և վրացի մտավորականների հետ, նրանց միջև համագործակցության եզրույթները և ստեղծագործական փաստարկներով հագեցած կյանքի էջերը:

Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերատորիայի  ներկայացուցիչ Թինաթին Բարկալաիայի բանախոսության առանցքը  Զաքարիա Փալիաշվիլիի և Ալեքսանդր Սպենդիարյանի այցելություններն էին, որոնց ժամանակ  կամրջվել է  դասական երաժշտության անդաստանը,  դարձել ստեղծագործական կյանքի անբաժանելի մաս, հարստացել արվեստի աշխարհից կատարված նորամուծություններով:

Մայրենիին չտիրապետող, սակայն նրա մշակույթին անմնացորդ նվիրված Ալ.Սպենդիարյանի  մտերմությունը Հովհ. Թումանյանի հետ դարձավ հայ ազգային մշակույթին տաղանդավոր կոմպոզիտորի նվիրումի նոր ազդակ: Երևանի Հովհ.Թումանյանի  թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն իր խոսքում վեր հանեց Մեծ Լոռեցու «Թմբկաբերդի առումը» պոեմի հիման վրա «Ալմաստ» օպերայի ստեղծագործական ուղին, արժևորելով, որ  առաջին անգամ բեմադրվելով Մոսկվայում, «Ալմաստ» օպերայի երկրորդ բեմելը եղել է Թբիլիսիում, ետմահու  մեծ հռչակ և ճանաչում բերելով տաղանդաշատ հայ կոմպոզիտորին:

Տոնական տրամադրությունը  հոկտեմբերի 24-ին շարունակվեց Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

247845480

Բովանդակալից, բարձր մակարդակով կազմակերպված և հագեցած երկօրյա միջոցառումները բարձր գնահատվեցին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ  արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի,  Վրաստանում ՀՀ դեսպանության կցորդ Ավետիք Հարությունյանի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի ներկայացուցիչ Թամար Մարիի կողմից: Վերջինս Երևանի Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանին նվիրեց «Զաքարիա Փալիաշվիլի» ալբոմը, փոխադարձաբար ստանալով Ալ.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի հոբելյանական հրատարակությունը:

Թեմի երկու կենտրոններում կյանքի կոչված միջոցառումները իրենց ելույթներով  գեղեցկացրին «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Մարիա Աբուլյան, մենակատար Աիդա Բազոյանը, դաշնակահար Եսայի Աբովյանը:  Օրվա տոնական ոգուն պատշաճ  «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի ներկայացմամբ իրար հաջորդեցին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատարներ Դիանա Հարությունյանի, Անդրանիկ Մալխասյանի,  դաշնակահար Մարգարիտա Սարգսյանի կողմից դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումները, ինչպես նաև Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մենակատարուհի Սվետլանա Տատոևայի,  պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սան Դավիթ Ակոպովի գեղեցիկ ելույթները, նվիրելով հանդիսատեսին կախարդական համերգ:

24849340

Հիրավի, հոբելյանական միջոցառումները Թբիլիսիում դարձան  ազգի տաղանդավոր զավակի 150-ամյակի մեծարման դրսևորում, ում անունը հպարտությամբ կրում է  Երևանի  օպերայի և բալետի պետական ակադեմիական  թատրոնը: Երևանի թանգարանի կողմից դեսպան Ռուբեն Սադոյանը պարգևատրվեց «Ալ.Սպենդիարյան 150»  հուշամեդալով:

Օրը նշանավորվեց Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում՝ Ամենայն հայոց բանաստեղծի աշխատասենյակում, չորս կառույցների՝ Երևանի Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի ՝ ի դեմս՝ Մարինե Օթարյանի, Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի՝ ի դեմս Անի Եղիազարյանի և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Գիսանե Հովսեփյանի, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Եվգենյա Մարկոսյանի միջև  փոխադարձ համագործակցության Հուշագրի ստորագրմամբ:  

Հիշեցնենք, որ ելնելով համաճարակային սահմանափակումներից, ապահովված էր հոբելյանական միջոցառումների երկօրյա ծրագրի հեռարձակումը ուղիղ եթերով, որը նաև տեղադրված է սոցիալական ցանցում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են