Материалы

Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանում նշվեց Օլգա Թումանյան մեծ մայրիկի 150-ամյա հոբելյանը

2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում անցկացվեց  «Օլգա Թումանյան – 150» հոբելյանական միջոցառումը, որին թանգարանի հրավերով և Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տ. Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ և հովանավորությամբ, մասնակցեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի պատվիրակությունը՝ Գիսանե Հովսեփյանի, Գոհար Մազմանյանի և  Էլլա Թադևոսյանի կազմով: Հոբելյանական միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության աղոթքով ու ջերմ մաղթանքներով։

Միջոցառումը մեկնարկեց  Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի կողմից  «Մայրիկ» գրքի շնորհանդեսով, որն ամբողջովին նվիրված է Թումանյանի կնոջը` Օլգա Մաճկալյանին:

Ներկաները դիտեցին  թանգարանի պատրաստած Օլգա Թումանյանին նվիրված «Մայրիկ» տեսաֆիլմը,  որտեղ ներկայացված էին բանասիրական գիտությունների դոկտորներ Ավիկ Իսահակյանի և Ազատ Եղիազարյանի կարծիքներն ու տեսակետները, արժևորվում էր տիկին Օլգայի դերը Թումանյանի գրական ժառանգության պահպանման գործում։  Ներկայացվեցին Թումանյանի թոռնուհիներ Սուրմա Թումանյանի (Սանկտ Պետերբուրգ) և Իրմա Սաֆրազբեկյանի ​ (Գերմանիա, քաղաք Հայդելբեգ)​ հուշ-ուղերձները իրենց տատի մասին։ Իրմա Սաֆրազբեկյանի խնդրանքով  Օլգա ​ տատիկի ​ քթածխախոտի տուփը թանգարանին փոխանցեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Միջոցառմանը ներկա էին Թումանյանի եղբայրների թոռները` Հանրին և Լաուրան, որոնք ևս սիրով կիսվեցին տիկին Օլգայի մասին հուշերով։

Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանն իր ողջույնի խոսքում տեղեկացրեց, որ Թումանյան ընտանիքի թբիլիսյան բնակարանում վիրահայերը արդեն հավուր պատշաճի տոնել են  իրենց մեծ հայրենակցուհու 150-ամյա հոբելյանը:  Գ.Հովսեփյանը թանգարանին փոխանցեց վիրահայ մանրանկարիչ Մերուժան Շահումյանի «Ավետում» աշխատանքը:

2

Ներկաները դիտեցին Օլգա Թումանյանին նվիրված ​ և նրան առնչվող իրերի ցուցահանդեսը, հյուրասիրվեցին տորթով, ըմպելիքներով ու մուրաբաներով, որ պատրաստվել էին տիկին Օլգայի բաղադրատոմսերով։

Թբիլիսիի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի աշխատակիցները եղան նաև Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում, հանդիպեցին  տուն-թանգարանի աշխատակիցների հետ: Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը որպես «Սպենդիարյան – 150» հոբելյանական միջոցառումների գեղեցիկ հիշատակ, հյուրերին խնդրեց Վիրահայոց թեմի առաջնորդին  փոխանցել նրա անունով հոբելյանական հուշամեդալը:

«Թումանյանի տուն» կենտրոնի տարվա վերջին միջոցառումը, հիրավի, կենտրոնի տարեգրության ամենագեղեցիկ ու լուսավոր էջերից մեկն է այսուհետ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են