Материалы

Թբիլիսահայությունը նշեց Հովհաննես Թումանյանի 151-րդ տարեդարձը

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ժողովրդական բանաստեղծի 151-րդ տարեդարձը Թբիլիսիում նշվեց հավուր պատշաճի և տոնականորեն:

Վիրահայոց թեմում ընդունված կարգի համաձայն, տոնակատարությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն այցելությամբ, որտեղ հուղարկավորված է Հայոց մեծ բանաստեղծը: Նրա շիրիմին իրենց խոնարհումը բերեցին թբիլիսահայ մտավորականները, գրականության, մշակույթի գործիչները, համայնքային կառույցների ղեկավարները: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի առաջնոդությամբ, պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և պատվիրակության անդամները ծաղիկներով զարդարեցին Մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ Մեծն Թումանյանի գերեզմանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հավարտ արարողության դիմելով ներկաներին, Հայր Սուրբը գնահատանքի խոսքեր ուղղեց ներկաներին ազգի մեծերի հիշատակը պահելու և սերունդներին փոխանցելու համար:

Տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի գրողների միության կողմից հայտարարվեց «Գիրք նվիրելու օր», որը վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի կողմից հաստատվեց նաև Թբիլիսիում: Հավատարիմ այս գործողությանը, ներկաները միմյանց նվիրեցին տարբեր գրքեր, որ բերվել էին Անահիտ Բոստանջյանի գրադարանից, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոններից:

Մեծ Լոռեցու ծննդյան օրվա տոնակատարությունը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում: Թումանյանի տան հյուրընկալ սրահում տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի ղեկավար Արեն Առաքելյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովան, թբիլիսահայ մտավորականներ, արվեստի և գրականության երկրպագուներ:

Ամենայն հայոց բանաստեղծի պատմական բնակարանը տոգորված էր տարեդարձային տրամադրությամբ: Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի ողջույնի և շնորհավորական խոսքից հետո, տոնական սեղանի շուրջ բոլորած հյուրերին մատուցվեցին «մագաղաթյա» թերթիկներ թումանյանական «աշխարհից» մեջբերումներով:

Գեղեցիկ էր կազմակերպված երեկոն, ներկաները բացելով և բարձրաձայնելով իրենց «ծանուցումները», ընդգրկվեցին Թումանյանի մասին խոսք ասելու յուրահատուկ կարգին, իրենց պարզ, սրտառուչ ասելով Ամենայն հայոց բանաստեղծի մասին: Երեկոն իրենց գեղեցիկ նվագով, երգով, ասմունքով համեմեցին «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի սաները Իվանե Մկրտչյանի գլխավորությամբ, դաշնակահար Եսայի Աբովյանը, մենակատարուհի Աիդա Բազոյանը, վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը, ճանաչված դերասանուհի Մելանիա Բարսեղյանը, բանաստեղծներ Լուսինե Վանոյանը, Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան, Միխայիլ Անանովը դստեր՝ Աննայի հետ:

Երեկոն ավարտվեց Մարինա Սումախյանի անակնկալով՝ մոմերով զարդարված ավանդական տարեդարձային տորթի հյուրասիրությամբ և երկնքից Մեծն Թումանյանի օրհնությամբ:

87259930 2794475910669203 1644948693134082048 O

87364783 2794475857335875 7832342600534196224 O

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են