Материалы

Դարագյուղում վերաօծվեց 14-րդ դարի հայկական եկեղեցի

2021 թվականի օգոստոսի 28-ին, հավատացյալների առջև իր դռները բացեց Ծալկայի շրջանի Դարագյուղի վերանորոգված և վերաօծված 14-րդ դարի կառույց Սուրբ Հարություն եկեղեցին:

Եկեղեցին, որ  հայտնի է իր  Աստվածային զորությամբ,  գեղեցկացավ ու նորովի տեսք  ստացավ թբիլիսաբնակ և երևանաբնակ  ճանաչված եղբայրներ Գագիկ և  Ռաֆայել Աղաջանյանների  բարեգործությամբ:

Եկեղեցու  վերաօծման հանդիսավոր արարողությանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ փոխառաջնորդ հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի ընկերակցությամբ:

Հիշարժան  և տոնական միջոցառմանը ներկա էին  Ծալկայի քաղաքապետ  Իլիա Սաբաձեն, քաղաքապետարանի աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Նինոծմինդայի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ  քահանա Պողոսյանը, սարկավագներ, բազում  հավատացյալներ ինչպես տեղից, այնպես էլ հարակից գյուղերից:

Եկեղեցու վերաօծումը կատարվեց ՀՀ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ: 

Շնորհավորելով  ներկաներին նորացված Աստծու տուն և աղոթատեղի ունենալու համար,  գերաշնորհ  Սրբազանը բարերար եղբայրներին մաղթեց ազգանպաստ և եկեղեցանպաստ իրենց գործունեությամբ շարունակել ապրել հավատքով ու նվիրումով:

Եկեղեցու վերանորոգչական  և վերաօծման աշխատանքների կազմակերպման համար գնահատանքի խոսքեր ուղղվեցին նաև Ծալկայի շրջանի  հոգևոր պատասխանատու  բարեշնորհ  Կամո  սարկավագ Թազայանին, աշխատանքներն իրականացնող ընկերություններին և աշխատողներին:

Վերջում բարերար եղբայների կողմից  կատարվեց մատաղով հյուրասիրություն:

Դարագյուղը հայաբնակ է և գտնվում է  Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 15 կմ արևմուտք, ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։  Պատմական հուշարձաններից է եկեղեցին, որը կառուցվել է 1308թ․։ 20-դարի երկրորդ կեսին 1859-1860 թվականներին գյուղացիները վերանորոգել են եկեղեցին։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, խանութ։

240954703 4305167436232270 3856290998074637902 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են