Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի շրջանավարտների հրաժեշտի միջոցառումը
2019 թվականի հունիսի 27-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը վերածվել էր երկնագույն օդանավակայանի, որտեղ իրենց մանկական երազների ինքնաթիռով թռիչք էին կատարելու Թեմի կրթության բաժնի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտները: Միջոցառմանը հյուրաբար ներկա էր Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել նախակրթարանի սաների ծնողները, հարազատները, իսկ կենտրոնում իրենց կրտսեր ընկերների շրջապատում հպարտորեն բազմել էին ավագ խմբի երեխաները:
Ցերեկույթը ողջույնի խոսքով բացեց թեմի կրթական բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Վազգեն Սրբազանին, ում ջանքերով բացվեց Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանը, մանկական այս հաստատությունը միշտ իր ուշադրության ներքո պահելու և հնարավորինս աջակցելու համար: Խոսեց այն տասը շրջանավարտների մասին, որոնցից յոթը ուսումը շարունակելու են մայրաքաղաքի հայերեն ուսուցմամբ դպրոցներում:
Ապագա առաջինդասարանցիները սիրելի ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանի, Լիա Խիթարիշվիլիի, նախկին ուսուցչուհի Անի Զեյնալյանի, պարուսույց Սուրեն Աբրամյանի ջանքերով՝ գեղեցիկ խոսքով, արտասանությամբ, երգով պարով ցուցադրեցին իրենց սովորածը նախակրթարանում, իրենց մանկական ինքնաթիռով փոքրիկները «վայրէջք» կատարեցին նաև մայր հայրենիքում:
Երեխաներին մանկության նոր, առավել պատասխանատու շրջան ոտք դնելու կապակցությամբ շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, Թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը:Ծնողների անունից Թեմի առաջնորդարանին և նախակրթարանի ուսուցիչներին երախրտագիտության խոսք ասաց Անգելինա Նազարյան-Քոչյանը:
Ամփոփելով տոնահանդեսը, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսք ասաց հայրենաշինության և հայապահպանության գործին նվիրված, ուսուցիչներին, նաև ծնողներին, ովքեր կարևորելով իրենց զավակների հայեցի դաստիարակությունը, պատրաստակամությամբ օժանդակել են նախակրթարանի աշխատանքներին:
8-ամյա պատմություն ունեցող Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում երեխաների օրը սկսվում է աղոթքով և հոգևոր հայրերի օրհնությամբ, ուսուցիչների դասերով և խաղերով: Նախակրթարանում երեխաների դաստիարակությունն ընթանում է ընդհանուր ունակությունների, գրաճանաչության, տարրական թվաբանության, գեղարվեստական խոսքի, անգլերենի և վրացերենի ուսուցմամբ և հոգևոր տեղեկությունների հաղորդմամբ:
Նախակրթարանին հրաժեշտ տվող սաները ստացան Վազգեն Սրբազանի օրհնությունը և ավարտական վկայականներ: