Հրաժեշտի հանդիպում վրաց պատրիարքի հետ
Առաջնորդական ծառայությունն ավարտելու կապակցությամբ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Մցխեթայի Ջվարիի Պատրիարքական նստավայրում հրաժեշտի հանդիպում ունեցավ Համայն Վրաց Կաթողիկոս – Պատրիարք Իլիա Բ-ի հետ:
Սրբազանը նախ այցելեց Թբիլիսիի Պատրիարքարան, որտեղ նրան ընդունեց Պատրիարքի ռեֆերենտ տիկին Շորենա Թեթրուաշվիլին: Վազգեն եպիսկոպոսն իր գոհունակությունը հայտնեց տիկին Շորենային և Պատրիարքարանի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքների համար, ապա միասին այցելեցին Մցխեթա, որտեղ Սրբազանին ջերմորեն ընդունեց Իլիա Պատրիարքը: Վազգեն եպիսկոպոսն իր երախտագիտությունն հայտնեց Համայն Վրաց Պատրիարքին՝ անցնող 17 տարիներին հայրաբար ընդունելու և աջակցելու, ինչպես նաև Վրաստանում ապրող հայության նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար:
Նորին Սրբությունը բարձր գնահատեց Սրբազանի գործունեությունը Վրաստանում և կարևորեց Հայ և Վրաց Եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը: Պատրիարք Իլիա Բ-ն կիսվեց Հայ Եկեղեցու կաթողիկոսների և հոգևորականության հետ ունեցած եղբայրական կապերի և Սուրբ Էջմիածնի մասին իր ջերմ հիշողություններով: Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Սրբազան Հորը և, որպես իր սիրո և գնահատանքի նշան, փոխանցեց գեղեցիկ հուշանվեր:
Վազգեն եպիսկոպոսը Իլիա Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրական սերն ու հարգանքը: Վրաց Պատրիարքը Վազգեն Սրբազանի միջոցով Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց բացառիկ տպագրությամբ արժեքավոր մի գիրք:
Համայն Վրաց Պատրիարքը նաև աղոթեց Վրաստանի և Հայաստանի խաղաղության և հարատևության համար:
Սրբազանին ուղեկցում էր թեմի Իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը: