«Կարապի երգը» մոնոդրաման ներկայացվեց «Հայարտուն» կենտրոնում
2019 թվականի հունիսի 23-ին, Թբիլիսիում հյուրախաղով հանդես եկավ ՀՀ Կապանի Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գաբրիելյան): Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում թատրոնը ներկայացրեց Անտոն Չեխովի «Կարապի երգը» տրագիկոմեդիայի մոնոներկայացումը, որի դերակատարն էր երիտասարդ դերասան Արամ Հայրապետյանը: Հյուրախաղը նախաձեռնել էր և իրականացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության հրավերով և աջակցությամբ:
Մարդաշատ էր Գալուստ Գյուլբենկյան դահլիճը: Տեղեր էին զբաղեցրել 150-ամյա թբիլիսյան թատրոնի ղեկավարությունը և դերասաններ, համանքային ներկայացուցիչներ, թատերասեր հասարակայնության անդամներ:
Չնայած «Հայարտան» դահլիճը փոքր էր հանդիսատեսի համար, առավել ևս բեմահարթակի բացակայությունը, բայց դա բոլորովին չխանգարեց արհեստավարժ և շնորհաշատ դերասանին կերպարը մարմնավորելու և ժեստերի, դիմախաղի, ձայնային երանգների ներդաշնակությամբ հանդիսատեսին մատուցելու իր դերի հենքը: Եվ նրան հավատած ու նրա մարմնավորած հերոսի տագնապները վերապրեց թբիլիսահայ հանդիսատեսը:
Ուշագրավ է, որ վաստակաշատ դերասան՝ մենակատարը, բեմադրիչ Արթուր Գաբրիելյանի և երաժշտական ու նկարչական ձևավորող Գրիշա Մարգարյանի ստեղծագործական նրբանկատ համադրությամբ, մոնոներկայացման մեջ հնչեցրեց նաև Շեքսպիրի «Լիր Արքայի», Սունդուկյանի «Խաթաբալայի», Պարոնյանի «Պաղտասար աղբարի», Շիրվանզադեի «Չար ոգու» հերոսների տվյալ մոնոներկայացման արծարծումներին համահունչ մենախոսությունները: Հիրավի մոնոներկայացումն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին:
Հավելենք, որ 1939 թվականին հիմնադրված, սակայն բազում դժվարությունների և փորձությունների միջով անցած Սյունիքի մարզի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը շարունակում է ծաղկել, տարբեր փառատոնների և մրցումների իր մասնակցությամբ, նաև նման հյուրախաղերով գրանցել նորանոր հաջողություններ՝ ունենալով նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորովի կառուցված բեմահարրթակում խաղալու վիրահայ հանդիսատեսի ջերմ ծափերին արժանանլու երազանքը: