Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաները հանգստացան Գուգարաց թեմի Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրիի «Ընտանիք» մանկա-պատանեկան ստեղծագործության զարգացման և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների համագործակցության շրջանակներում, «Ընտանիք» կենտրոնի կազմակերպած ամառային հանգստի ճամբարային կյանքին ընդգրկվեցին նաև «Հայարտուն» կենտրոնի 15 սաներ:
2019 թվականի հուլիսի 18-ին, Վիահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանի, կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և Թեմի Մշակույթի բաժնի տնօրեն Սուրեն Աբրամյանի ուղեկցությամբ, պատանիները մեկնեցին Վանաձորի «Ծիծեռակ» ճամբար, որտեղ նրանք տարբեր դասընթացների, խմբակների պարապմունքների և միջոցառումների մասնակցությամբ, ընկերների նոր շրջապատում և գեղատեսիլ Գուգարաց բնության միջավայրում վայելեցին ամառային հանգիստը:
Թբիլիսահայ պատանիների հետ միասին ամառային արձակուրդի օրերը «Ծիծեռնակ» ճամբարում անցկացրեցին Գյումրիի, Շիրակի,Ստեփանավանի Ալավերդու և Ջավախքի երեխաները: Կազմակերպված վոլեյբոլի, ֆուտբոլի, բագմինտոնի և այլ սպորտային մրցումներին զուգընթաց ճամբարականները սովորում էին հայ ազգային արվեստը և արհեստը:
Այդ օրերին թբիլիսահայ երեխաների հետ «Ծիծեռնակ» ճամբարում էր .Հայարտուն» կենտրոնի պարուսույց Սուրեն Աբրամյանը: Վերջինս երեխաների հետ անց էր կացնում ազգային պարերի պարապմունքներ: Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի «Ծիծեռնակ» ճամբար կատարած այցի ժամանակ ճամբարականները ողջունեցին նորերս սովորած հայ ազգային խմբական պարերով:
Թեև շուտ ավարտվեցին ճամբարային կյանքի անհոգ օրերը, սակայն դրանք դարձան ուրախ ժամանցի, հետաքրքիր միջոցառումների և նոր ընկերների ձեռք բերման և մտերմությունների հաստատման անմոռանալի օրեր:
«Հայարտուն» կենտրոնի խումբը Վանաձորի «Ծիծեռնակ ճամբարից վերադարձավ հուլիսի 23-ին: