Ավարտվեց առաջնորդական տեղապահի անդրանիկ այցը Բաթումի
2019 թվականի հուլիսի 28-ին, Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագը Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվեց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ: Պատարագին ներկա էին ինչպես Բաթումիի, այնպես էլ մերձակա շրջաններից ժամանած հայ հավատացյալները, հասարակայնության ներկայացուցիչները: Սրբազան արարողությանն իր պատվաբեր ներկայությունն էր բերել Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ տիկնոջ հետ:
Պատարագիչն էր Սուրբ փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Հընթացս Սբ. Պատարագի ներկա հավատացյալներին ողջունեց և օրվա խորհրդի մասին հավուր պատշաճի քարոզ խոսեց հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը: Կարևորելով տոնի Աստվածային խորհուրդը, Հայր Սուրբը պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպված Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն, քանզի Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Տեր Կիրակոս վարդապետը նաև հորդորեց հավատացյալներին՝ հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ:
Առաջնորդական տեղապահի և հոգևոր դասի օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցու հարակից տարածքում ծայր առած Վարդավառի՝ միմյանց վրա ջուր ցողելու սովորությամբ՝ ջրախաղով: Վարդաջրով մաքրվելու աշխույժ տեսարանի մասնակից դարձան հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները, որոնց սիրով միանում էին զբոսաշրջիկները և հանգստացողները:
Հավարտ Սբ. Պատարագի՝ առաջնորդական տեղապահը և ընկերակցող անձինք, Տեր Արարատ քհն. Գումբալյանի ուղեկցությամբ այցելեցին Վիրահայոց թեմի Բաթումիի Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն: Հայր Սուրբը դիտեց կենտրոնի շենքը, շրջայց կատարեց դասասենյակներում: Կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը տեղապահ առաջնորդին ծանոթացրեց կենտրոնում գործող նախակրթարանի, երգչախմբի և պարային համույթի ու մյուս գեղարվեստական խմբակների, ինչպես նաև մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցի աշխատանքների հետ:
Հետաքրքիր հանդիպումներով և հարուստ տպավորություններով ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի անդրանիկ այցը Բաթումի: