Материалы

Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը Վիրահայոց թեմում

2019 թվականի օգոստոսի 18-ին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայոց Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը մեծ շուքով նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում:

Վաղ առավոտից բազմամարդ էին թեմի եկեղեցիները: Խորանները զարդարվել էին օրվա խորհրդանիշ արևահամ խաղողի տեսակներով ու մրգով: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի. գալիս էին խաղողի և տարբեր մրգերի գեղեցիկ զամբյուղներով, սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով:

20190818

Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և ժողովուրդները:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնական Պատարագին ներկա էին բազում հավատացյալներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորեց Աստվածամոր վերափոխման խորհուրդը հավատացյալների կյանքում, հորդորեց Աստվածածին Մարիամի օրինակով շարունակել ապրել վերափոխման լույսով և Սուրբ Հարության հավատով: Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետն իր օրհնությունը և բարեմաղթանքները փոխանցեց հավատացյալներին և շնորհավորեց տոնի առիթով:

69203279

Ս. Պատարագի ավարտին, եկեղեցու խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» արարողությունը, ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև բարձրացվեց Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը: Առաջնորդական տեղապահի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգը: Այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Տոնական Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ղուլալիսի Սուրբ Աստվածածին, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս», Գանձայի Սուրբ Կարապետ, Բաթումի «Սուրբ Փրկիչ», Մառնեուլիի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում և մյուս հայաբնակ վայրերի եկեղեցիներում ու մատուռներում: Տեղերում բարերարների կողմից կատարվեց խաղողով, մրգով և մատաղով հյուրասիրություն:

Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, հիշատակ Մեռելոց է: Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի, կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար:

68555060

Սբ. Գևորգ, Սբ. Էջմիածին

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են