Խաչի փառաբանության տոնը Վիրահայոց թեմում
Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի փառաբանության տոնը:
Տոնը շարժական է, 2019 թվականին այն նշվեց սեպտեմբերի 15-ին: Տոնի կապակցությամբ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա տոնական Պատարագ մատուցեց առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, հավատացյալ բազմությանը մեկնաբանեց գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և Գողգոթայում կանգնեցման մասին, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց կամ «Սըրբխեչ»: Խոսեց հավատքի կարևորության և Խաչի նշանակության մասին և հորդորեց ներկաներին անսասան մնալ իրենց հավատքի մեջ և քրիստոնեական պատգամներով, արժևորել, պահպանել, սերունդներին փոխանցել եկեղեցական և ազգային տոները, անքակտելի պահել կապը Աստծու տան հետ:
Խաչի փառաբանության օրը Վիրահայոց թեմի եկեղեցիներում Սուրբ խորանին փառավորապես բարձրացվել էր ռեհանով զարդարված խաչը:
Նույն օրը եկեղեցիներում տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանողական արարողություն:
Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Սուրբ Խաչի թափոր: Տեղերում հոգևոր դասի առաջնորդությամբ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և ժողովուրդը օրհնվեց վարդաջրով: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ: Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին:
Երկուշաբթի առավոտյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ և կկատարվի հոգեհանգստյան կարգ: