Материалы

«Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանն ընդունեց սաներին

2019 թվականի սեպտեմբերի 17-ին ուրախ տրամադրություն էր տիրում Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Երեքից վեց տարեկան շուրջ 50 փոքրիկներ, ծնողների հետ միասին, եկել էին թեմի Սուրբ Մովսես Խորենացի մանկապարտեզ, որտեղ մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Տարիներ առաջ հաստատված ավանդույթի համաձայն, հայ մանուկներն իրենց ծնողների հետ, ուսուցիչների ուղեկցությամբ, Հավլաբարի Սբ.Էջմիածին եկեղեցում ներկա գտնվեցին հոգևոր ծառայողների մասնակցությամբ ընթացող առավոտյան ժամերգությանը:

Հավարտ ժամերգության եկեղեցու հոգևոր հովիվ, արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը ներկաներին փոխանցեց Թեմի առաջնորդական տեղապահ, հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը, շնորհավորեց նախակրթարանի առաջին օրվա առիթով, մաղթեց փոքրիկներին երջանիկ մանկություն և հորդորեց ծնողներին և ուսուցիչներին օժանդակել նրանց երազանքներն իրականացնելու գործում:20190917

Տերունական և Պահպանիչ աղոթքներից հետո փոքրիկներն ուղղվեցին «Հայարտուն» կենտրոն, որտեղ նրանց սպասում էին փուչիկներով, ծաղիկներով ու խաղալիքներով զարդարված դասասենյակները:

Թեմի կրթական բաժինը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել. բոլոր երեխաները ստացան գույնզգույն փուչիկներ և ներգրավվեցին խաղվարներ Հենրիխ Պետրոսյանի և Մարի Պողոսովայի կազմակերպած տարբեր մրցույթներին:

Նախակրթարանի սաներին և նրանց ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Վերջինս կարևորեց սաների՝ ամեն օր Տիրոջ օրհնության ու հոգևոր դասի աղոթակիրը լինելու, հայեցի դաստիարակություն ստանալու և հայոց դպրոցում սովորելու առավելությունները: 20190917

Առաջին օրը նախակրթարանում սկսվեց նորեկների լացով, ավագների հանդիպման ուրախությամբ: Երեխաներին դիմավորեցին և հոգատարությամբ ընդունեցին տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, ոսուցչուհիներ Մետաքսյա Ղազարյանը, Լիա Խիթարիշվիլին, մյուս աշխատակիցները:

Վիրահայոց թեմի կրթության բաժինը նախակրթարանի նոր ուսումնական տարին սկսեց կազմ ու պատրաստ: Հավելենք, որ այստեղ երեխաները բացի ճանաչողական-ուսուցողական խաղերից, սովորում են երգ, պար, նկարչություն, կատարում ձեռքի տարբեր աշխատանքներ, ավագ խմբի սաները ստանում են նախնական գիտելիքներ թվաբանությունից, դառնում են տառաճանաչ, սովորում են հայերեն, վրացերեն, անգլերեն, հոգևոր դաստիարակություն: Նախակրթարանում օրը սկսվում է ժամը 9-ն անց 30 րոպեից և ավարտվում 16-ն անց 30-րոպեին:

Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը գործում է 2011 թվականից: Այն նպատակամղված է հայ երեխային հայկական դպրոց ուղղորդելու ազգապահպան գործին: Այստեղ գործում է կրտսեր և ավագ խումբ: Նորեկների թիվը արդեն հասել է երեք տասնյակի: Նախորդ տարիները ցույց են տվել, որ Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները դպրոցում աչքի են ընկնում իրենց բարձր պատրաստվածությամբ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են