Ուխտագնացություն՝ Լոռու մարզի հայոց եկեղեցիներ
2019 թվականի սեպտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությամբ, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանի գլխավորությամբ թբիլիսահայ մի խումբ հավատացյալներ ուխտի փափագով մեկնեցին ՀՀ Լոռու մարզի հայոց եկեղեցիներ:
Ուխտագնացության առաջին օրը հավատացյալները Ախթալայի Սուրբ Աստվածածին հինավուրց եկեղեցում մասնակցեցին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ արժանապատիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի գլխավորությամբ կատարված հանրապետական աղոթքին:
Ուխտագնացությունը երկօրյա էր, հավատացյալները այցելեցին Հաղպատ, մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին Սանահինի և Օձունի վանքերում:
Թբիլիսահայ ուխտավորները խոստովանության կարգ ստացան և հաղորդություն ընդունեցին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Ուխտավորները շրջագայեցին Վանաձորում, եղան Ալավերդիում, ուրախ ժամանց ապրեցին խորովածի պատրաստման բերկրանքից և իրենց ուխտն ավարտեցին Օձունի գեղատեսիլ վանք այցելությամբ ու մոմավառությամբ:
Վիրահայոց թեմի ուխտավորները Տեր Կիրակոս քահանայի գլխավորությամբ իրենց երախտագիտությունն են հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին վիրահայ ուխտավորներին ցուցաբերած աջակցության և գիշերելու հնարավորություն ընձեռելու համար:
Կիրակի օրը ուշ երեկոյան հայոց եկեղեցիների շնորհներով հոգեպես հարստացած ուխտավորները վերադարձան Թբիլիսի: