Թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Սուրբ Հովհաննես մատուռ
Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված հոգևոր ճամփորդություն է՝ միջնորդված սրբավայրերով: Այս իմաստուն համոզմունքով, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին, թբիլիսահայ հավատացյալների խումբը, ստանալով թեմի առաջնորդական տեղապահի հայրական օրհնությունը, արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի առաջնորդությամբ, ճանապարհ ընկավ դեպի Հարթագյուղի՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ:
Ուխտավորները թեև գիտեին մատուռ հասնելու դժվար հաղթահարելի ճանապարհի մասին, սակայն նրանց սրտի փափագն էր զորավոր Սուրբ Հովհաննես մատուռում Աստծու և սրբությունների հետ հաղորդակցվելով, հագեցնել իրենց հոգեկան ծարավը, իմաստավորել իրենց կյանքը և այդպիսով զորություն ստանալ Սուրբ վայրից՝ դիմակայելու գալիք փորձություններին:
Ուխտի ճանապարհը բռնած թբիլիսահայ հավատացյալները խոստովանեցին և հաղորդություն ստացան Տեր Տաթևի կողմից, մոմեր վառեցին, աղոթք արեցին խնդրակատար մատուռում, աղերսելով ամենազոր Աստծուն՝ իրենց ուխտը դարձնել ընդունելի:
Ստանալով հոգևոր մեծ սնունդ, լիցքավորված Սուրբ Հովհաննեսի պարգևած օրհնությամբ և շնորհներով, թբիլիսահայ ուխտավորները վերադարձան իրենց տները: