Материалы

Երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների նախաձեռնությամբ «Թումանյանական օր» Թբիլիսիում

Հովհաննես Թումանյանը ապրել և ստեղծագործել է Թբիլիսիում: Նրա աճյունը հուղարկավորված է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ներկայումս գործում է որպես «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Հատկանշական է, որ Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների նախաձեռնությամբ Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանին նվիրված թումանյանական օրն անցկացվեց Վրաստանի կոլորիտային մայրաքաղաքում:

Միջոցառումների շարքը մեկնարկեց 2019 թվականի հոկտեմբերի 25-ի առավոտյան Երևանի արվեստի գործիչների պատվիրակության Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցով: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը ստանալուց և հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացնելուց հետո, պատվիրակության անդամները՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ, շրջայց կատարեցին «Հայարտուն» կենտրոնում, ծանոթացան այստեղ գործող Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի, մեկօրա վարժարանների, գեղարվեստական խմբակների գործունեությանը:

74612396Թումանյանական օրվա հաջորդ կանգառը Խոջիվանքի պանթեոնն էր, որտեղ հյուրերը ծաղիկներով զարդարեցին ժողովրդական մեծ բանաստեղծի շիրիմը, վարդեր խոնարհեցին Մեծաց մեծերի տապանաքարերին, մասնակիցը դարձան առաջնորդական տեղապահի կողմից ազգի երախտարժան զավակների հոգու հանգստության համար աղոթք բարձրացվեց:

Թումանյանական օրվա վերջին հանգրվանը Ամենայն հայոց բանաստեղծի պատմական տուն-կենտրոնն էր, որտեղ երկու քաղաքների՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ Սոֆյա Խունծարիայի և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ կայացավ թումանյանական հյուրընկալ տան շնչին և մթնոլորտին հարիր ընդունելություն:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրան ուսումնասիրում են դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանում են, երգում:Իրենց գեղեցիկ խոսքով, հուշերով, ելույթներով, ասմունքով, երգով ու երաժշտությամբ երեկոն գեղեցկացրին Տիգրան Մանսուրյանը, Գիվի Շահնազարը, Գիորգի Շարմազանաշվիլին, Վաժա Ազարաշվիլին, Գայոզ Կանդելակին, ԼիլիթՏիպոյանը, Վահե Շահվերդյանը, Հակոբ Ղազանչյանը,Ռոբերտ Մլքեյանը, Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Նինո Սուլաձեն, Բաղաթեր Արաբուլին, Վան Բայբուրբթյանը և ուրիշներ:

Հատկանշական է, որ թումանյանական օրվա մասնակիցները նաև այցելեցին Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի նորակառույց շենքի շինարարության հրապարակ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հյուրերին տեղեկացրեց, որ մեկ տարի անց 155-ամյա թատրոնը նոր տեսքով և հրաշալի շինությամբ իր դռները կբացի հանդիսատեսի առջև:

Ահա այսպիսին էր թումանյանական շնչով տոգորված և Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանին նվիրված թումանյանական օրը Թբիլիսիում:

75252912

Սբ. Էջմիածին, Հայարտուն, Թումանյանի տուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են