"Ռուսթավիի Սբ.Գրիգոր Նարեկացի" կենտրոնում նշվեց Թարգմանչաց տոնը
2019 թվականի հոկտեմբերի 27-ը Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում հիրավի տոնական էր։Կենտրոնի սաների ուժերով հանդիսավորապես նշվեց Սուրբ վարդապետ թարգմանիչների տոնը։ Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Սա առաջնորդական տեղապահի առաջին այցն էր Ռուսթավիի կենտրոն։
«Սբ.Գրիգոր Նարեկացի» կենտրոնի ղեկավար և հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, դիմավորելով առաջնորդական տեղապահին,նրա հետ միասին շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացրեց կենտրոնի գործունեության նպատակի և գործառույթների հետ, ընդգծելով, որ այստեղ տեղադրված Վեմ քարի առջև ամեն կիրակի մատուցվում է Սուրբ Պատարագ, որին մասնակցում է Ռուսթավիի հայ համայնքը։
Միջոցառման գեղարվեստական բաժնում ելույթ ունեցան կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր լինելով օտարալեզու դպրոցների սովորողներ, հայերենի նորանշանակ ուսուցչուհի Անի Մինասյանի ջանքերով, կարճ ժամանակահատվածում հաղթահարել էին տառաճանաչության դժվարությունը և միջոցառմանը ասմունքեցին մայրենի լեզվով։ Իրենց ելույթներով միջոցառումը գեղեցկացրին կենտրոնի երգի, պարի, նվագարանների խմբերի սովորողները։
Հավարտ միջոցառման, ներկաներին իր օրհնությունը բաշխեց և գնահատանքի խոսք ասաց առաջնորդական տեղապահը։ Հայր Սուրբը արժևորեց կենտրոնի եկեղեցասիրական և հայապահպան գործունեությունը, որն իրականացվում է մեկ գաղափարի շուրջ համախմբված աշխատակազմի և կամավորների ուժերով՝ Տեր Նարեկ քահանայի գլխավորությամբ։
Առաջնորդական տեղապահին ուղեկցում էին "Հայարտուն" կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը: