Материалы

Վիրահայոց թեմի քահանայական ժողովը

2019 թվականի նոյեմբերի 7-ին Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, երեկոյան միասնական աղոթքից հետո, կայացավ հերթական քահանայաց ժողովը, որին ներկա էին Թբիլիսիի և Ռուսթավիի հովվությունների հոգևոր դասի անդամները:

Ժողովը նախագահում էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Առաջնորդական տեղապահը ներկայացրեց ժողովի օրակարգը, որտեղ տեղ էին գտել ծիսական և կազմակերպչական բնույթի մի քանի հարցեր: Հայր Սուրբը մասնավորաբար հորդորեց ավելի ուշադիր լինել բոլոր եկեղեցիներում կատարվող ծիսական արարողությունների միանմանության նկատմամբ և ուշադրություն հրավիրեց կիրակի օրերին, Սուրբ Պատարագի ժամանակ, Եկեղեցուց դուրս կատարվելիք ծիսա-արարողական կարգերի հնարավոր բացառմանը, բոլոր տեսակի պետական և մասնավոր կառույցների և ընկերությունների հետ համագործակցությունը փոխհամաձայնեցված կարգով իրականացնելուն:

Խոսվեց նաև Կրոնի գործակալության նախաձեռնությամբ հայ հոգևորականներին երկրի պետական լեզվին տիրապետելու նպատակով վրացերենի ուսուցման դասընթաց անցնելու հարցի շուրջ:

Ժողովի օրակարգի հիմնական հարցն էր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին ամիսների քաղաքական և հասարակական զարգացումները, ի մասնավորի, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդիրը և դրա դեմ ծավալված համաժողովրդական բողոքի ալիքը, ինչպես նաև ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության կողմից առաջ քաշված կրթական նոր չափորոշիչների քննարկումները, ըստ որոնց հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից կարող է դուրս մնալ Հայոց Եկեղեցու պատմություն առարկան և բուհերի կրթական համակարգից՝ հայոց լեզվի և գրականության ժամերի պարտադիր ուսուցումը:

Հոգևոր հայրերը արտահայտեցին իրենց մտահոգությունները և կարծիքները վերոհիշյալ հարցերի մասին: Որոշվեց հանդես գալ ընդհանուր հայտարարությամբ:

Ժողովն ամփոփեց առաջնորդական տեղապահը, հորդորելով առավել ջանադիր գործունեությամբ շենացնել Վիրահայոց թեմի հոգևոր-եկեղեցական կյանքը և աչալուրջ լինել մայր հայրենիքում տեղի ունեցող ազգային և եկեղեցական կարևոր իրադարձություններին:

Կից ներկայացնւմ ենք Ստամբուլյան կոնվենցիայի կապակցությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի հայտարարության տեքստը. Հայտարարություն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են