Материалы

Երիտասարդների միջկրոնական հանդիպմանը քննարկվեց Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը

2019 թվականի նոյեմբերի 10-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթի քննարկումը: Միջոցառումն իրականացվեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի «Միջկրոնական շփում և քննադատական մտածողություն» ծրագրի շրջանակներում:

Քննարկմանը ներկա էին թեմի երիտասարդական բաժնի շուրջ համախմբված երիտասարդները, բուհերի ուսանողներ, կիրակնօրյա դպրոցի սաներ, հյուրընկալվել էին նաև ծրագրի մասնակիցները:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ երիտասարդական բաժնի տնօրեն Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ:

Ծրագրի հեղինակ քահանա Գիորգի Ծերոձեն, ներկայացրեց իր գաղափարի իրականացման նպատակը, ըստ որի նախատեսվում է բոլոր կրոնական ուղղություններին հարազատ արժեքների և գաղափարների շուրջ քննարկումներով՝ ակտիվացնել շփումը տարբեր դավանանքների և ազգերի երիտասարդների միջև և այդ նպատակին հասնելու համար ինքը որպես ծրագրի առաջնեկ ընտրել է բոլորին քաջածանոթ Անտուան Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը:

Քննարկմանը իրենց կարծիքները հայտնեցին ներկաները: Երիտասարդները խոսեցին աշխարհի ստեղծման մասին հեքիաթի հերոսի պատկերացումների, բարու, սիրո, հավատարմության գաղափարների մասին, տարբերակեցին քննարկում և քննադատում հասկացությունները: Միանշանակ ընդգծվեց երիտասարդական տարիքում հեքիաթի նորովի ընկալումը:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը, ընդգծելով այլ կրոնական ուղղությունների հետ հանդիպումների և քննարկումների անցկացման նշանակությունը և որ նման հանդիպումների ժամանակ պետք է քննարկվեն համամարդկային այն արժեքները, որոնք ընդունելի են ազգային և կրոնական բոլոր ուղղությունների համար:

Ծրագրի հեղինակ Գիորգի Ծերոձեն հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները կնպաստեն երիտասարդների շփումներին և համագործակցության զարգացմանը:

Երիտասարդական

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են