Թումանյանն է մեր գրականության մեծերի մեծը
Թումանյանի ոգեղեն շունչն էր թևածում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հանդիսատեսով լեփ-լեցուն Գալուստ Գյուլբենկյան դահլիճում: 2019 թվականի նոյեմբերի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծին իրենց խոնարհումն էին բերել թեմի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի սաները: Հովհաննես Թումանյանը թեև անծանոթ անուն չէր նրանց համար, սակայն հայերենի ուսուցման դասընթացի շնորհիվ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի ջանքերով, Թումանյան մեծությունը պարզ, հասկանալի ու ժողովրդական ստեղծագործություններով, ավելի լայնահուն բացվեց նրանց առջև, դարձավ նրանց էության մասը:
Հայ գրականության վաստակաշատ ուսուցչուհու կազմակերպած միջոցառմանը՝ օտարալեզու կրթությամբ հայորդիները սիրով, առանձնահատուկ հպարտությամբ առլեցուն հայերենով և խորը ըմբռնումով ներկայացրեցին հայ գրականության մեծերի մեծի՝ Հովհաննես Թումանյանի կենսագրական տվյալները, ազգանվեր գործունեությունը, ասմունքեցին բանաստեղծություններից, պոեմներից ու լեգենդներից, հնչեցրին ասույթներ`նվիրված մեծանուն գրողին, անդրադարձ կատարեցին քառյակի ժանրին, վերհիշեցին հատվածներ «Անուշ»,«Թմկաբերդի առումը» պոեմներից, «Շունն ու կատուն» լեգենդից»: Մասնակիցները նաև իրենց երախտիքն ուղղեցին Մեծ Լոռեցուն՝ ով իր հանճարով ու պայծառ երևակայությամբ, իր ստեղծագործությունների մեջ խտացրել է մեր ժողովրդի ազգային նկարագիրն ու ճակատագիրը, նրա բարի սիրտն ու անմար ոգին:
Միջոցառմանը գեղեցիկ հայերենով, ասմունքով, երգով մասնակցում էր նաև ուսուցչուհին՝ Ռոզա Զոհրաբյանը: Երեկոն գեղեցկացրին Կենտրոնի մենակատար Մարի Ներսեսովան, «Ներսես Շնորհալի» երգչախումբը (խմբավար Մարի Աբուլյան և դաշնակահար Կարեն Միրզոյան): Տոնական, բովանդակալից ու հոգեպարար միջոցառումը հիացմունք ու մեծ բավականություն պատճառեց ներկաներին:
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ բանաստեղծ Ժորա Սնխչյանը գնահատելով միջոցառումը կարևորեց այն, որ այս գեղեցիկ խոսքն ու ասմունքը հնչեց ո՛չ հայախոս մասնակիցների շուրթերից, դառնալով նրանց էության անբաժանելի մասնիկը:
Միջոցառումն ամփոփեց Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Փոխանցելով առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը, Տեր Հայրը արժևորեց Թումանյանին ճանաչելու, Թումանյանով ապրելու ժողովրդի տարբեր սերունդների նվիրումն ու ձգտումը, ընդգծեց, որ մեր մեծերի կենսակերպը՝ հենված հայրենասիրության, ժողովրդասիրության, Հայոց Եկեղեցուն հավատարմության հիմքերի վրա, նման դաստիարակությամբ պետք է դառնա մեր հպարտությունը:
Թումանյա՜ն, ապրիր ու հավերժացիր մեր հոգիներում, որպեսզի անմահ մնանք քեզ պաշտող ու երկրպագող էակներս...այսպիսին էր Թումանյանի 150-ամյակին նվիրված «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի միջոցառման հավատո հանգանակը: