Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը ներկա գտնվեց Մուսուլմանների վարչության միջոցառմանը
2019 թվականի նոյեմբերի 16-ին, Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի Մուսուլմանների վարչությունը հյուրընկալեց երկրի տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը իր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Ներկաներին ողջունեց և Հանդուրժողականության օրը շնորհավորեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Նրա խոսքերով, սույն հանդիպումը մեկ անգամ կրկին հաստատում է այն հանդուրժողական մթնոլորտը, որը պատմականորեն հաստատվել է Վրաստանում առկա կրոնական կազմակերպությունների միջև :
Հյուրերը միանշանակ ընդգծեցին Կրոնի գործակալության դերը կրոնական կազմակերպությունների և պետությունների միջև հարաբերություններում և ընդգծեցին, որ դավանանքների միջև փոխհարգանքը և ներողամտությունը, սիրո և բարեկամության հաստատումը պետության կարևորագույն ձեռքբերումն է:
Միջոցառման ավարտին Վրաստանում հանդուրժողական մթնոլորտին աջակցության համար պատվոգրեր փոխանցվեցին կրոնական կազմակերպություններին և Կրոնի հարցերով պետական գործակալությանը :
Պատվոգիր փոխանցվեց նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին՝ ի դեմս Հայր Կիրակոս վարդապետ Դավթյանի:
Միանշանակ որոշվեց, որ 2020 թվականին Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Կրոնական տարբեր համայնքներին կհյուրընկալի Վիրահայոց թեմը:
Հանդուրժողականության միջազգային օրը այս կերպ նշելու ավանդույթը արմատավորվեց 2016 թվականին, Կրոնի հարցերով պետական գործակալության նախաձեռնությամբ: Այն ժամանակ Վրաստանում գործող տարբեր կրոնական դավանանքներին ներկայացուցիչներին հյուրընկալեց Վրաց Պատրիարքարանը, 2017 թվականին՝ եբրայական թեմը, իսկ 2018 թվականին՝ Կաթոլիկական եկեղեցին: