Материалы

Ցուցահանդես - Ստեղծագործական արվեստանոց

2019 թվականի նոյեմբերի 22-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը իրավամբ վերածվել էր Վրաստանի հայ նկարիչների ստեղծագործական արվեստանոցի: Սրահի պատերը զարդարված էին տարբեր թեմաներ արծարծող կտավներով: Աշխատանքները տարբեր էին՝ նատյուրմորտ, բնանկար, դիմանկար՝ տարածական, երևակայական, իրատեսական և աբստրակտ՝ բոլորը պատկերավոր, յուրահատուկ, հետաքրքիր, մտքի լայն թռիչքով:

Ցուցահանդեսի խորագիրը խորհրդանշական էր՝ «Ստեղծագործական արվեստանոց»: Արվեստի մշակների ազատատենչ ոգին չէր սահմանափակվել որևէ առաջադրված թեմայով, այլ գեղանկարի վարպետներին հնարավորություն էր ընձեռվել ցուցադրելու իրենց հարազատ և սրտամոտ աշխատանքները:

Ցուցահանդեսը դիտելու էին եկել Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի խորհրդական բաթումաբնակ Արմեն Գևորգյանը, նկարիչներ, հասարակական գործիչներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ցուցահանդեսը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և խոսքը փոխանցեց ճանաչված մանրանկարիչ Մերուժան Շահումյանին:

74242324Վերջինս անդրադարձ կատարեց գեղանկարչության արժեքներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին վիրահայ նկարիչների աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար: Ճանաչված մանրանկարիչը շնորհակալության խոսք ուղղեց պատգամավոր Դավիթ Ճիճինաձեին, ում հովանավորությամբ «Թումանյանի տուն» կենտրոնի պատշգամբում փառավորապես «բազմել է» Ամենայն հայոց բանաստեղծի բրոնզե արձանը՝ որպես նվեր Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Ի նշան երախտագիտության Մերուժան Շահումյանը պատգամավորին փոխանցեց իր ձեռքով պատրաստած գեղեցիկ հուշանվեր:

Մերուժան Շահումյանը հանդես եկավ 2020 թվականին Թբիլիսիի նկարիչների ցուցահանդես կազմակերպելու առաջարկով, որտեղ կցուցադրվեն բազմազգ Թբիլիսիի նկարիչների աշխատանքները:

Միջոցառումն ամփոփեց և ներկաներին իր օրհնությունը հղեց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Հայր Սուրբը գնահատանքի խոսքեր ուղղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին, արժևորեց արվեստասեր հայորդիներին, ում բարձրարժեք գործերը զարդարում են աշխարհի տարբեր քաղաքների պատկերասրահները, նշեց վիրահայ նկարիչների ավանդը վրաց գեղանկարչության զարգացման գործում:

Ցուցահանդեսը նախաձեռնել և կազմակերպել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ առաջնորդարանի աջակցությամբ և Վրաստանի հայ նկարիչների միության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսին մասնակցում էին վրաստանաբնակ 17 նկարիչներ, ընդորում Գարի Նալբանդյանը՝ Ռուսթավից, Համլետ Արոյանը՝ Ջավախքից, Մերուժան Շահումյանը, Գոհար Հակոբյանը, Թենգիզ Միկոյանցը, Իռեն Օհանջանովան, Վալիկո Առաքելյանը, Մարինա Խաչատուրովան և մյուսները Թբիլիսիից: Ցուցադրվել է 29 լավագույն աշխատանք: Ցուցահանդեսը շարունակվում է:

74808054

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են