Материалы

Մենահամերգ՝ նվիրված Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներին

2019 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Տոնը հավուր պատշաճի նշվեց նաև Վիրահայոց թեմում: Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, կայացավ եկեղեցու երգչախմբի մենահամերգը՝ նվիրված Քրիստոնեությունը Հայաստանում տարածած առաքյալներին:

Բազմամարդ էր եկեղեցու ներսը: Ներկա էին հոգևոր դասը և բազում հավատացյալներ: Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ներկաներին հիշեցրեց Սուրբ առաքյալների տոնի խորհուրդը, կարևորեց այն, որ Հայոց Եկեղեցին երախտագիտությամբ կոչվում է Առաքելական՝ ի պատիվ Հայաստանում քրիստոնեության քարոզիչ առաքյալների:

Այնուհետև խմբավար Լուիզա Վարդանյանի գլխավորությամբ եկեղեցու կամարների ներքո երգչախմբի կատարմամբ տարածվեց Տերունական աղոթքի հիասքանչ բազմաձայն կատարումը, որին հաջորդեցին շարականներ և Կոմիտասի ստեղծագործություններից նմուշներ:

77221793Միջոցառումն ամփոփեց Տեր Սամվել քահանան: Վերջինս փոխանցեց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հայրական օրհնությունը և օրվա միջոցառման առնչությամբ գնահատանքի իր խոսքում արժևորեց երգչախմբի գեղեցիկ կատարումները ինչպես ներկա մենահամերգի, այնպես էլ Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվող Պատարագների և մյուս ծեսերի ժամանակ, ընդգծեց Կոմիտասի ստեղծագործությունների հուզառատ երգեցողությունը և բարձրաձայնեց հոգևոր դասի որոշումը՝ Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբին Կոմիտասի անունով կոչելու մասին: Ներկաները որոշումն ընդունեցին գոհունակությամբ և իրենց երախտագիտությունը հայտնեցին հոգևոր երգի գեղեցիկ համերգ մատուցելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Թադեոս և Բարդուղիմեոս Սուրբ Առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են