Ռոբերտ Հովհաննիսյանին ճանապարհեցին կյանքի վերջին հանգրվան
Այսօր, 2019 թվականի դեկտեմբերի 8-ին, Թբիլիսիի թատերասեր հասարակայնությունը կյանքի վերջին հանգրվան ճանապարհեց Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի ճանաչված դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ, կոլորիտային վառ դեմք Ռոբերտ Հովհաննիսյանին:
Իր ողջ կյանքը հայոց թատրոնին նվիրած, բազում կերպարներ մարմնավորած Ռոբերտ Հովհաննիսյանի դին հանդիսատեսի հրաժեշտի համար տեղադրվել էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ այստեղ կատարվեց հոգեհանգստի կարգ: Ռոբերտ Հովհաննիսյանի դերասանական արվեստի, քրիստոնեական հավատքին նվիրվածության մասին հրաժեշտի խոսք ասաց ավագ քահանա արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Հարությունյանը:
Հրաժեշտի արարողությունից հետո, ներկաները, ծափերի ուղեկցությամբ Ռոբերտ Հովհաննիսյան շնորհաշատ և ճանաչված դերասանին ճանապարհեցին իր կյանքի վերջին հանգրվանը: