Ռուսթավիի հոգևոր կենտրոնում նշվեց «Ղափամայի» տոնը
2019 թվականի դեկտեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավանդական «Ղափամա» տոնը: Դդմից պատրաստվող հայկական ազգային այս ուտեստը դարեր շարունակ Ամանորյա և Սուրբծննդյան տոներին եղել է սեղանների զարդը: Տոնի նպատակը հայոց մշակույթի մաս կազմող ազգային խոհանոցի ոչնյութական արժեքների արդիականացումն է: Տոնին իր մասնակցությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ թեմի բաժինների տնօրենների ուղեկցությամբ:
Ռուսթավիի հայ համայնքը համախմբված է այստեղ գործող կենտրոնի շուրջ: Ընդամենը երկուսուկես տարվա պատմություն ունեցող կենտրոնն այսօր արդեն ունի իր նախակրթարանը, կիրակնօրյա դպրոցը, երգչախումբը, պարի խումբը, դուդուկի, դհոլի, ասմունքի ու թատերական խմբակները: Կենտրոնում հյուրերին դիմավորեցին ուրախ երգ ու պարով, նվագարանների կատարումներով՝ ներկաների մոտ ստեղծելով տոնական տրամադրություն:
Ներկաները խոսեցին հայկական հարուստ խոհանոցի պահպանության, տարածման և սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին, քանզի ազգային խոհանոցը ժողովրդի ինքնատիպության գրավականն է, ազգային տեսակի վկայությունը:
Կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին ներկայության համար և գնահատանքի խոսք ասաց սաներին, նրանց ծնողներին, աշխատակազմին և կամավորներին՝ կենտրոնի գործունեությանը մասնակցության և աջակցության համար:
Օրհնության խոսք ասաց առաջնորդական տեղապահը: Հայր Սուրբը բարձր գնահատեց Տեր Նարեկ քահանայի գլխավորությամբ կենտրոնի և կազմակերպիչների գործունեությունը և անդրադարձ կատարեց դդմից արքայական «Ղափամայի» պատրաստության խորհրդին, որը բովանդակում է երկիր մոլորակը, աշխարհի բնակչությունը և նրա հավատքն առ Աստված:
Միջոցառումն ավարտվեց դդմից պատրաստված տարբեր ուտեստներով հյուրասիրությամբ: