Материалы

Վիրահայոց թեմը մասնակցեց էկումենիկ աղոթքին

2020 թվականի հունվարի 24-ին Թբիլիսիում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք: Վրաստանում միասնության այս աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցու, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու կողմից: Ամեն տարի էկումենիկ աղոթքն իրականացվում է այս չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ:

Այս տարի միասնության աղոթք բարձրացնելու պատվին արժանացել էր Ավետարանական-Մկրտական Եկեղեցին, որը նաև Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկն է:

Ընդհանրական աղոթքին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետենկոուրտը:

82881992Աղոթքի ծիսական արարողությանը մյուս Եկեղեցիների հետ միասին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, մասնակցում էր Վիրահայոց Թեմը՝ հոգևորականների և սարկավագաց դասի կազմով՝ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ:

Մարդկանց հոգիները միացնելու և ամբողջացնելու, միմյանց զորավիգ լինելու շունչն ու ջերմությունն էր տիրում էկումենիկ աղոթքի ժամանակ:

Աստծու խոսքին միասնաբար ծառայության ընթացիկ տարվա կարգախոսն էր «Նրանք անսովոր բարություն ցուցաբերեցին մեր նկատմամբ»: Ներկաները աղոթեցին աշխարհով մեկ տարածված այսօրվա փախստականների և նրանց ընդունող երկրների և ժողովուրդների համար: Սուրբ Գրքից հատվածների ընթերցանությամբ և հոգևոր երգերի ուղեկցութամբ տարբեր ազգի և հավատքի մասնակիցները միասին աղոթք բարձրացրին սիրո, բարության, մեղքերի թողության, ներողամտության և մարդասիրության անհրաժեշտության մասին, որը նաև հորդոր էր Աստծու խոսքը լսելու, միասին լինելու և աշխարհում խաղաղություն հաստատելու խնդրանքով:

Բոլոր մասնակիցները խոսեցին էկումենիկ աղոթքի կարևորության մասին` նշելով, որ չնայած առկա տարաձայնություններին, այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին:

Էկումենիկ աղոթքն ավարտվեց հոգևոր հայրերի կողմից իրենց մայրենի լեզվով աղոթքով և օրհնությամբ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են