Материалы

ՀՀ Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը հանդիպեց թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի առաջնորդությամբ և դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ, 2020 թվականի փետրվարի 3-ին այցելեցին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Հայր Սուրբը պատմեց Սուրբ Էջմիածին եկեղեցում իրականացված հիմնանորոգությունների և հոգևոր-մշակութային գործունեության մասին: Հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց և աղոթք անելուց հետո հյուրերը տեղափոխվեցին թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:

4

Գլխավոր հանձնակատարը և հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, դիտեցին նախակրթարանն ու մայրենիի ուսուցման դասասենյակները: Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը հյուրերին ներկայացրեց այն ազգանվեր և հայրենանվեր գործունեությունը, որն ընթանում է այստեղ գործող նախակրթարանում, մայրենիի ուսուցման մեկօրյա վարժարաններում, երգի, պարի, վոկալի, դհոլի, դուդուկի, շախմատի խմբակներում, որտեղ ընդգրկված են 3 տարեկանից մինչև տարեց հայորդիները: Կենտրոնի ղեկավարը կարևորեց մայր հայրենիքի, ի մասնավորի կրթության, Սփյուռքի հարցերով պետական հաստատությունների և քաղաքային տարբեր կառույցների հետ համագործակցությունը:

Գլխավոր հանձնակատարն իր գոհունակությունը հայտնեց կենտրոնի հայապահպան գործունեությունից և համոզվածություն արտահայտեց, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի իր ուշադրության ներքո պահել այս կառույցի գործունեությունը:

2

Այնուհետև կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Գլխավոր հանձնակատարի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ողջույնի և բացման խոսքից հետո, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանն իր օրհնությունը հղեց ներկաներին, արժևորեց տարիներ շարունակ ՀՀ Սփյուռքի նախարարության ցուցաբերած ուշադրությունը և աջակցությունը Վիրահայոց թեմի կենտրոնների գործունեությանը, բազում ծրագրերի իրականացմանը և Գլխավոր հանձնակատարին մաղթեց հաջողություններ մայր հայրենիքից դուրս հայապահպանության և ազգապահպանության խթանման գործում:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, բնորոշելով իր աշխատանքային այցը որպես ծանոթության բնույթի, խոսեց աշխարհով մեկ տարածված հայոց սփյուռքի, նրա առաջընթացի և խնդիրների մասին, տարբերակելով որոշ երկրներում ունեցած հաջողությունները, իսկ որոշ երկրներում առկա դժվարությունները: Անդրադարձ կատարելով եռօրյա այցի ընթացքում պետական պաշտոնյաների հետ հանդիպումներից, հայկական կառույցներ այցելություններից ստացած տպավորություններին, նշեց, որ սույն այցը Հանձնակատարի գրասենյակի առջև բացում է գործունեության բազում ուղղություններ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայի ինքնության պահպանությանը, լեզվի տարածմանը, եկեղեցու շուրջ համախմբվածությանը և մշակույթի զարգացմանը:

3

Ներկաները բարձրացրին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին այլ երկրներում հայկական դպրոցների գործունեության մեխանիզմին, եկեղեցիների, ի մասնավորի հայ Առաքելական եկեղեցու գործունեության ծավալմանը, երիտասարդության մայր հայրենիքի նկատմամբ հետաքրքրության և գրավչության բարձրացմանը և Հայաստանի հետ կապին ու ազգային մշակույթի զարգացմանը: Գլխավոր հանձնակատարը կարևորեց, որ մայրենիին չտիրապետելու, հայ մշակույթին ու պատմությանը իրազեկված չլինելու, կրոնական այլ ուղղությունների հետևորդ լինելու հանգամանքները չպետք է խոչընդոտեն հայի ինքնության, հայկականության ոգու, հայ լինելու հպարտության պահպանմանը:

Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանի, փոխըմբռնման մթնոլորտում:

ՀՀ Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ավարտելով իր աշխատանքային այցը Թբիլիսիում, ուղևորվեց Ջավախք:

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են