Материалы

Ճանապարհորդություն դեպի անցյալ

2020 թվականի փետրվարի 10-ին, Վիրահայոց թեմի աշխատակիցների խումբը, հոգևորականաց դասի մասնակցությամբ և թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ, Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում ներկա գտնվեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետին նվիրված «Ճանապարհորդություն դեպի անցյալ» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը:

Ողջունելով դահլիճում ներկա Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին և ներկա հասարակությանը, Ախալքալաքի և Գումբուրդոյի թեմի առաջնորդ գերաշնորհ Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլին, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին՝ Հայաստան իր այցը կազմակերպելու, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Նոյյան տապանի սուրբ մասունքը տեսնելու և Սուրբ Հակոբի Աջին խոնարհվելու, Հակոբ Մծբնա Հայրապետի անվան եկեղեցի այցելելու, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում պահվող նյութերին ծանոթանալու գործին ցուցաբերած աջակցության համար:

Խորապես ուսումնասիրելով Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի կյանքը և նրա դերը քրիստոնեության զարգացման և տարածման գործում, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Գումբուրդոյի թեմի միտրոպոլիտը որոշում է կայացնում այցելել Հակոբ Մծբնա անվան սրբավայրեր, անպայման լինել Մծբին քաղաքում, խոնարհվել և աղոթք անել Ընդհանրական եկեղեցու սիրված Սրբի անվան տաճարում և Ախալքալաքի 40 սրբերի թանգարանում զետեղել նաև Հակոբ Մծբնա Հայրապետի հետ կապված մասունքների և նյութերի՝ բնագրին միամգամայն նույնական օրինակները:

Ի կատար ածելով իր երազանքը, միտրոպոլիտն իր ուղևորությունն ամրագրում է երկու ժամանանոց վավերագրական ֆիլմում, որտեղ պատմում է դեպի անցյալ կատարած իր ճանապարհոդության մասին՝ ամրագրելով տեսածը, համադրելով հարուստ տեղեկություններ Հակոբ Մծբնեցու, նրա հրաշագործությունների և քրիստոնեական հավատքին նվիրվածության մասին:

Ֆիլմը հետաքրքիր է, հագեցած Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հանգրվանման նշանակության, աշխարհում առաջինը քրիստոնհեությունը պետական կրոն հռչակած Հայոց եկեղեցու, երկու քրիստոնեական հավատքի եկեղեցիների համագործակցության կարևորության և հայ-վրացական դարավոր բարեկամության էջերի արձանագրությամբ:

Ընդհանրական եկեղեցու սիրված Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին, ծնվել է Մծբին քաղաքում և փրկվելով իր տոհմի կոտորածից ընտրում է ճգնավորական կյանքը՝ բռնելով հագևորականի ուղին: Նա որոշում է բարձրանալ Արարատ լեռը` Նոյյան տապանը տեսնելու և իր հետ մի մասնիկ բերելու համար: Սակայն չկարողանալով հասնել Արարատի գագաթը՝ երկար տանջվելուց և աղոթելուց հետո ննջում է: Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և տապանից մի մասունք դնում գլխի տակ. «Պետք չէ, որ որևէ մեկը տեսնի տապանը: Համաձայն քո փափագի`վերցրու՛ տախտակը և գնա՛ քո տունը»,- ասում է նա: Նոյյան տապանի այդ մասունքը մինչ այսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն անփուտ փայտից է և դարերի ընթացքում չի քայքայվել:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում նաև Սուրբ Հակոբի մասունքը` Աջը, որը դուրս է բերվում ժամանակ առ ժամանակ հանդիսավոր առիթներով:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են