Տեառնընդառաջի տոնը Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում
Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթացավ եկեղեցական արարողություններով և ժողովրդական ուրախ հանդեսով:
Տոնը սկսվեց 2020 թվականի փետրվարի 13-ին, Թեմի եկեղեցիներում կատարված նախատոնակ-ժամերգություններով: Տեառնընդառաջը Թբիլիսիում մեծ շուքով նշվեց ինչպես Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, այնպես էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, նախատոնակ-ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ: Հոգևոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հավատացյալներ:
Մեղմանուշ շարականների ուղեկցությամբ հավատացյալներն ունկնդրեցին Մարիամ Աստվածածնի՝ 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու տոնի խորհուրդը: Երեկոյան ժամերգությունից հետո առաջնորդական տեղապահի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Վառվեցին մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում:
Խորանի կանթեղից վառված Քրիստոսին խորհրդանշող մոմով Հայր Սուրբը եկեղեցու բակում վառեց Տեառնընդառաջի խարույկը՝ կենսատու լույսը փոխանցելով նաև ներկա հավատավոր ժողովրդին:
Վառվեց Տեառընդառաջի ավանդական խարույկը և սկսվեց տոնական հանդիսությունը՝ «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթի, մենակատարներ Աիդա Բազոյանի և Վլադիմիր Արությունովի մասնակցությամբ: Համերգը վարեց Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Սուրեն Աբրամյանը: Սուրբ Գևորգ եկեղեցու խաչքավոր Յուրի Երեմյանի աջակցությամբ կազմակերպվեց նորապսակների հյուրասիրություն:
Փետրվարի 14-ին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ տրվեց տոնական Սուրբ Պատարագ, որի Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: