Ծաղկազարդի տոնի Սբ. Պատարագը Վիրահայոց թեմի եկեղեցիներում
2020 թվականի ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Համավարակի և երկրում գործող արտակարգ դրության կապակցությամբ, Վիրահայոց թեմում հայ հավատացյալի կողմից սիրված այս տոնը նշվեց փոփոխված ձևաչափով: Եկեղեցիներում հավուր պատշաճի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ բացված վարագույներով խորանի առջև: Թեև նախորդ օրերին ևս ժողովրդին ուղղված հորդորը եղել էր հնարավորինս մնալ տանը, սակայն հավատացյալները այնուամենայնիվ եկել էին եկեղեցի, անտեսելով տրանսպորտային բոլոր սահմանափակումները:
Սրբազան Պատարագ մատուցվեց Թբիլիսիի, Բաթումիի, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության եկեղեցիների ներսում, միայն հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ:
Մայրաքաղաքի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակում հավատացյալները կանգնեցին նախապես նշված տեղերում, պահպանելով միմյանցից 2 մետր հեռավորությունը: Ներկաներին բաժանվեցին դիմակներ:
Սբ. Պատարագի ողջ ընթացքը հաղորդվեց բարձրախոսներով և առցանց միացումներով:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագը մատուցեց ավագ քահանա արժանապատիվ Տեր Եղիշե Հարությունյանը: Ապաշխարհության կարգը եկեղեցիներում նույնպես կատարվեց բացօթյա, ծնկաչոք հավատացյալների մասնակցությամբ:
Անսալով հոգևորականաց դասի հորդորին, հավատացյալները բարձր կազմակերպվածությամբ ստացան սուրբ հաղորդությունը՝ մեկ-մեկ մտնելով եկեղեցի:
Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորելով Ծաղկազարդի տոնի կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց ներկաներին՝ կարգ ու կանոնը պահպանելու և իրավիճակին ըմբռնումով մոտենալու համար, նաև հայտարարեց, որ Ավագ շաբաթվա բոլոր արարողությունները կկատարվեն ըստ Հայոց Եկեղեցու կանոնակարգի և կհաղորդվեն առցանց, իսկ ներկա գտնվողների անվտանգության համար կպահպանվեն արտակարգ դրության բոլոր սահմանափակումները:
Վերջում բոլոր հավատացյալներին բաժանվեցին օրհնված ձիթենու ճյուղեր: