Ճրագալույցի Սուրբ պատարագ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում
2020 թվականի ապրիլի 11-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ:
Սակայն կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ այս տարի իրավիճակն այլ էր: Ելնելով երկրում գործող արտակարգ դրության սահմանափակումներից, եկեղեցիներում Սբ. Պատարագը սկսվեց երեկոյան ժամերգությունից անմիջապես հետո դռնփակ ձևաչափով: Պատարագը հեռարձակվում էր առցանց: Հավատացյալները անսալով տանը մնալու բազմիցս արվող հորդորներին, այնուամենայնիվ եկել էին և Սբ. Արարողությանը բարձրախոսների միջոցով հետևում էին եկեղեցու բակում, իրարից 2-ական մետր հեռավորությամբ:
Ճրագալույցի Սբ. Պատարագը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, մատուցեց հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի քարոզի խոսքով հավատացյալներին դիմեց հոգեշնորհ Հայր Սուրբը: Տեր Կիրակոս վարդապետը խոսեց օրվա խորհրդի մասին, անդրադարձ կատարեց աշխարհում ստեղծված իրավիճակին, ընդգծեց, որ համավարակը բարձրացրել է արժեքները վերանայելու անհրաժեշտությունը: Թեմակալ առաջնորդը ընդգծեց մաքրվելու, Աստծուն և հավատքին առավել մոտենալու, միմյանց գնահատելու և սիրելու, նորովի ապրելու և գործելու կարևորությունը:
Այնուհետև եկեղեցում Հայր Սուրբի կողմից ազդարարվեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:
Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, Վրաստան և Հայաստան աշխարհներին բարեմաղթեց խաղաղություն, առաջընթաց ու զարգացում, Ամենաբարձրյալից խնդրեց՝ օրհնությամբ և ամենազոր ուժով համայն մարդկությանը ազատել կորոնավիրուսի աղետից և հնարավորություն ընձեռել վերադառնալու խաղաղ կյանքին:
Սբ. Պատարագի ավարտին մեկական մարդ մտնելով եկեղեցի, իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տները, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։ Կատարվեց նաև Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը: