Հայերենի ուսուցման հեռավար պարապմունքներ Վիրահայոց թեմի մեկօրյա վարժարաններում
Վիրահայոց թեմի կրթության բաժնի հայերենի ուսուցման մեկօրյա վարժարաններում շարունակվում է ուսումնական դասընթացը: Տարածված համավարակի և երկրում գործող արտակարգ դրության պայմաններում, աշխատանքները դադարեցնելու առաջին իսկ օրվանից, կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա և Սուրբ Եղիա մարգարե կիրակնօրյա վարժարանների պարապմունքներն ընթանում են հեռավար ձևաչափով: Ուսուցիչներ Թամարա Գաբոյանը, Ռոզա Զոհրաբյանը և Ռևիկ Կարապետյանը, հավաքագրելով երկու վարժարանների առաջին և երկրորդ դասարանների սովորողներին, շարունակեցին ծրագրի իրականացումը:
Առցանց անցկացվող պարապմունքներն ընթանում են մեծ հետաքրքրությամբ, արդիականությանը համահունչ, նպաստում են մեսրոպատառ այբուբենը սերտելու, հայոց լեզվի քերականության և հայ գրականության գանձարանին ծանոթանալու և հայոց պատմության էջերում խորանալու մեջ: Իսկ բոլորովին վերջերս անցկացված պատմության դասը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, դարձավ սաների յուրատեսակ խոնարհումը մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակին:
Հայերենի ուսուցման հեռավար դասերը ընթացքի մեջ են և կշարունակվեն մինչև ուսումնական տարվա ավարտ: