Материалы

Ջինիշյան ծրագրի իրականացման քայլերը Ջավախքում

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, 2020 թվականի հունիսի 3-4-ին Վիրահայոց թեմի Երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ Գևորգ Պողոսովը, Նինա Սերոպովան, Վրաստանում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Էմիլ Սարգսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար» ծրագրի շրջանակներում աշխատանքային այց իրականացրեցին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Թեմի երիտասարդական բաժինն իրականացնում է ենթածրագիր, որի թիրախայինը հասարակության տարբեր խավերն ու շերտերն են: Այս տարի նկարահանվում է տեսաֆիլմ Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսիի բուհերում սովորող հայ ուսանողների մասին: Դրանք այն ուսանողներն են, ովքեր ուսման մեջ գրանցում են հաջողություններ՝ ստանալով մասնագիտական բարձր որակներ, պետական լեզվի իմացություն, և ինտեգրվում են Վրաստանի քաղաքացիական հասարակությանը։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվել են 5 մասնակիցներ Ծալկայի, Նինոծմինդայի, Ախալքալաքի տարածաշրջաններից և Բաթումիից։

102994855

Թբիլիսիից մեկնած աշխատանքային խմբին Ախալքալաքի փոխանորդության առաջնորդարանում ընդունեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Խումբն այցելեց նաև Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոն, հանդիպում ունեցավ Նինոծմինդայի հոգևոր հովիվ արժ. Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ, ինչպես նաև հյուրընկալվեց Ծալկայի շրջանի Ղզրքիլիսա գյուղի ընտանիքներից մեկում։

Հանդիպումների ժամանակ նկարահանված տեսանյութի հիման վրա ծրագրի վերջում կպատրաստվի ֆիլմ, որի հերոսները կլինեն Ջավախքի և Բաթումի քաղաքի հայ ուսանողները, ովքեր կներկայացնեն ուսանողության տարիներին ունեցած առաջընթացի և այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին:

Ծրագրի իրականացման աշխատանքները շարունակվում են:

Երիտասարդական

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են