Материалы

Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը նշվեց Թբիլիսիում

2020 թվականի հունիսի 14-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ:

Վաղ առավոտից թբիլիսահայ հավատացյալները շտապում էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներ՝ մասնակցելու տոնական Սուրբ պատարագներին:

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Պատարագին ներկա էին մտավորականներ, բազում հավատացյալներ:

84085077

Հընթացս Սուրբ պատարագի պատարագիչ-քահանան անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, պատմիչ Ագաթանգեղոսի ներկայացմամբ Հայոց մեծ հայրապետ Գրիգոր Լուսավորչի երազ-տեսիլքին եւ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տաճարի կառուցման պատմությանը: Տեր Հայրը խոսեց հավատքին հայ ժողովրդի հավատարմության, ազգապահպան այն արժեքների մասին, որ կատարում է հայոց եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: «Մայր հայրենիքում և Սփյուռքում, շնորհիվ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու պահպանվում, հարստանում, սերնդե սերունդ են փոխանցվում եկեղեցու խորհուրդները և ծեսերը, ժողովրդական ավանդույթները և մշակութային արժեքները: Իսկ դա մեր ինքնության, մեր սուրբ հավատքի և մեր ոսկեղենիկ լեզվի հարատևության գրավականն է», կարևորեց իր քարոզում Պատարագիչը:

Արժ. Տեր Հայրը կարևորեց վիրահայոց, ի մասնավորի թբիլիսահայ հավատացյալների մեծ սերն ու ակնածանքը Սուրբ Էջմիածին եկեղեցու, նրա զորավոր ուժի նկատմամբ,, որի անունով դեռևս 19-րդ դարում Թբիլիսիի հայաբնակ Հավլաբար թաղամասոսմ հայ համայնքն իր հանգանակությամբ կառուցեց նույնանուն եկեղեցին, որը հպարտորեն իր շուրջն է հրավիրում հավատացյալներին:

Պատարագիչ քահանան հորդորեց հավատացյալ հայորդիներին համախմբված լինել Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի շուրջը, համավարակի այս դժվարին ժամանակներում փրկություն մաղթեց աշխարհի բազում ժողովուրդներին և Ամենազոր Աստծուց խաղաղություն և ապահովություն հայցեց Հայաստանի, Սուրբ Էջմիածնի եւ Վրաստանի համար:

Սբ. Էջմիածին

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են