Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կայացավ Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտին նվիրված Սբ. Պատարագ
2020 թվականի հունիսի 27-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որը նվիրված էր Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին:Այն հայոց առաջին Հայրապետի հիշատակին նվիրված երեք տոներից վերջինն է: Պատարագիչն էր հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչ-քահանան հանգամանալից քարոզ խոսեց տոնի խորհրդի, հայ ժողովրդի համար Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելության մասին: Տեր Վիրապը անդրադարձ կատարեց նաև հայոց Եկեղեցին գրիգորյանական կոչելու հանգամանքին, դրա դրական և բացասական կողմերին. հայոց սրբություններից մեկին մեծարելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ ճիշտ ներկայացնելու համար: Պատարագիչ-քահանան հորդորեց հավատացյալներին շարունակել հաստատուն պահել Հայոց Եկեղեցին, հպարտանալ նրա հետևորդը լինելու համար և շնորհավորեց համայն հայությանը Հայաստան բերված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի համար, որոնք պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Պատարագին ներկա հավատացյալները ծնկաչոք աղոթեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով՝ հայցելով նրա և մյուս սրբերի բարեխոսությունը: