Материалы

Թարգմանչաց տոնին՝ ավարտական վկայականներ և շնորհակալագրեր

2020 թվականի հուլիսի 2-ին Սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի տոնը Թբիլիսիում նշվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն ավանդական այցելությամբ: Չնայած ամառային կիզիչ արևին, մարդաշատ էր մեծաց մեծերի գերեզմանոցը:

Գեղեցիկ ծաղկեփնջերով այստեղ էին հավաքվել Վիրահայոց թեմի կրթության բաժնի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի, «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սբ. Եղիա մարգարե» կիրակնօրյա հայերենի ուսուցման վարժարանների սաները, ուսուցիչներ, ծնողներ: Ներկաները ծաղիկներով զարդարեցին այստեղ հանգչող ազգի արաժանավոր զավակների տապանաքարերը:

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ հայոց մեծերի հոգու խաղաղության համար:

Հավարտ արարողության հոգեշնորհ Հայր Սուրբը խոսեց օրվա խորհրդի մասին և Թարգմանչաց տոնն անվանեց հայ ժողովրդի ինքնության, գիտության, կրթության ու հավատքի տոն, ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ և հորդորեց ապրել թարգմանիչների կողմից ստեղծված հայոց գրերի հպարտությամբ, հայի ինքնության պարծանքով:

106530682Թեմի առաջնորդական տեղապահը օրվա խորհուրդը շաղկապեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի աշխատանքների հետ, որի արդյունքում բազում հայորդիների հնարավորություն է ընձեռվում սովորելու մեսրոպատառ հայերենը, մերձենալու ազգի և եկեղեցու պատմությանը: Արժևորեց կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, վաստակաշատ ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանի, Թամարա Գաբոյանի, Ռևիկ Կարապետյանի, նախակրթարանի ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանի Լիա Խիթարիշվիլու և մյուսների անբասիր աշխատանքը մայրենին ուսուցանելու, ազգասիրության և հայրենասիրության ոգի ներշնչելու համար, նախակրթարանի սաներին շնորհավորեց հայերենով աղոթք ասելու և հայոց դպրոցում ուսումնառությունը շարունակելու կապակցությամբ:

Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան բացօթյա միջոցառմանը ներկա Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Երկուստեք արժևորելով ավանդական միջոցառման նպատակը, հորդորեցին ծնողներին իրենց զավակներին տալ մայրենիով կրթություն, որը նաև մայրենիով մտածելու, ազգի պատմությամբ և մշակույթով հպարտանալու, ազգի առաջընթացով ապրելու նվիրում է, նաև հայրենասիրություն է, ազգասիրություն, հավատարմություն քրիստոնյա հավատին և Հայոց Եկեղեցուն:

Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ներկայացնելով համավարակի հետ կապված կրթության բաժնի աշխատանքների փոխված ձևաչափը, նշեց, որ ընթացիկ տարի Սբ.Մովսես Խորենացի նախակրթարանի 23 շրջանավարտներից 15-ը ուսումնառությունը կշարունակի հայալեզու կրթությամբ դպրոցներում, ինչը անվանեց նախակրթարանի նպատակային հաղթանակ, իսկ հայերենի ուսուցման վարժարաններն իրենց դասընթացն իրականացրել են առցանց:

Հավարտ միջոցառման «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներին և մեկօրյա վարժարանների առցանց դասընթացին ակտիվ մասնակցողներին Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ բաժանվեցին ավարտական վկայականներ և շնորհակալագրեր: Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ արտասանություններով, որ տոնական օրվա առթիվ պատրաստել էին նախակրթարանի և մեկօրյա դպրոցների սաները:

106543961

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են