Վիրահայոց Թեմում նշվեց Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը
2020 թվականի օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ. Աստվածամոր Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է: Աստվածամոր տոնը Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում նշվեց Սբ. Պատարագներով և խաղողօրհնության կարգով:
Վաղ առավոտից թեմի եկեղեցիների խորանները զարդարվել էին օրվա խորհրդանիշ խաղողի տեսակներով ու մրգով: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի. գալիս էին գեղեցիկ զարդարված զամբյուղներով, սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով:
Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և ժողովուրդները:Այնուհետև ամենուրեք մատուցվեց Սբ. Պատարագ:
Թբիլիսիի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Տոնական Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի վարչապետի տարածաշրջանային զարգացման հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, Վրաստանի վարչապետի խորհրդական Կախի Կախիշվիլին, Թբիլիսիի Իսանի շրջանի գամգեբելի Կախա Լաբուչիձեն, դիվանագետներ Զարմիկ Դանիելյանը և Լևոն Զարգարյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պետրոս Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Բազմազգ Վրաստան» շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ, մտավորականներ, կառռւյցների ղեկավարներ, բազում հավատացյալներ:
Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ հգշ. Տեր Կիրակոս վարդապետը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջման և Հարության, Վերափոխման մասին, կարևորեց Հայ Եկեղեցու տածած սերը Սբ. Մարիամ Աստվածածնի հանդեպ, անդրադարձ կատարեց մայր և որդի հարաբերություններին, հորդորեց Աստվածամոր և որդու օրինակով շարունակել ապրել վերափոխման լույսով և Սբ. Հարության հավատով: Պատարագիչ Հայր Սուրբը խաղաղություն և առաջընթաց մաղթեց Հայաստան և Վրաստան երկրներին և ժողովուրդներին և շնորհավորեց ներկաներին, հատկապես մայրերին և Մարիամներին տոնի առիթով:
Ս. Պատարագի ավարտին, եկեղեցում ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև բարձրացվեց Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը: Առաջնորդական տեղապահի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգը:
Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ Խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Գանձայի Սուրբ Կարապետ, Բաթումի Սուրբ Փրկիչ, Քվեմո Քարթլիի Շահումյանի Սուրբ Աստվածածին, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում և մյուս հայաբնակ վայրերի եկեղեցիներում ու մատուռներում: Իսկ Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցում այս տոնով ազդարարվեց Աստծու տան վերաբացումը։
Այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ հյուրասիրություն: Տեղերում եկեղեցիների խաչքավորների և բարերար հայորդիների կողմից կատարվեց խաղողով, մրգով և մատաղով հյուրասիրություն:
Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 17-ին, հիշատակ Մեռելոց է: Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի, կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար: