Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի հերթական այցը Ջավախք
2020 թվականի սեպտեմբերի 23-24-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, առաջնորդական այցով գտնվում էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդությունում:
Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը հետաքրքրվեց Ախալքալաքի շրջանի գյուղերում ընթացող եկեղեցների և տաճարների վերանորոգության և շինարարության հարցերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, տվեց անհրաժեշտ հանձնարարություններ:
Այնուհետև առաջնորդական տեղապահը, արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ուղեկցությամբ, այցելեց Գոման գյուղ, ծանոթացավ 19-րդ դարի կառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներկա վիճակին և տվեց համապատասխան ցուցումներ՝ աշխատանքների հետագա ընթացքը եկեղեցական կանոններին համապատասխան իրականացնելու համար:
Միտրոպոլիտ Նիկոլոզը Կիրակոս վարդապետին հրավիրեց Սուրբերին նվիրված իր հիմնադրած թանգարանը, ցույց տվեց այստեղ տեղ գտած Սուրբերի սրբապատկերները, տարբեր մատենագրություններ, պատմեց դրանց հետքերով կատարած իր ուսումնասիրությունների մասին: Տեր Կիրակոսը գնահատանքի խոսքեր ուղղեց միտրոպոլիտին՝ հանուն քրիստոնյա հավատքի ծավալած գործունեության համար:
Սեպտեմբերի 24-ին հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը վերադարձավ Թբիլիսի:
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին Ջավախք կատարած այցի ընթացքում ուղեկցում էր թեմի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցանը: